ՀՀ-ում առաջին անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կատարվել է ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացում՝ լապարասկոպիկ եղանակով
Հայաստանում առաջին անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարվել է ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացում լապարասկոպիկ եղանակով: ԲԿ-ից տեղեկացնում են, որ նման վիրահատությունը համարվում է որովայնի խոռոչի ամենածավալուն միջամտությունը, որ դարձնում է պրոցեսը բարդ ու դժվարամատչելի:
Լապարասկոպիկ եղանակով ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացումը նույնիսկ արտերկրում ու եվրոպական մի շարք երկրներում կատարվում է միայն մասնագիտացված բուժկենտրոններում:
«Մինչև հիմա մեր երկրում ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացման վիրահատությունները բաց եղանակով են կատարվել: Ենթաստամոքսային գեղձի գոյացությունը հեռացնելու համար հաճախ քաղաքացիները ստիպված են եղել մեկնել այլ երկրներ՝ հիմնականում Մոսկվա, Գերմանիա և այլն: Մեր վիրահատված պացիենտը ժամանել է Վրաստանից: Հիմա արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չկա, քանի որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը՝ ի դեմ վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, վիրաբուժության գծով փոխտնօրեն Գրիգոր Պապոյանի, կատարում է այդ ու մի շարք դժվարամատչելի և Հայաստանում դեռևս չկատարված վիրահատություններ՝ նախապատվությունը տալով լապարասկոպիկ եղանակին: Հանրապետության մասշտաբով բացառիկ վիրահատությանը մասնակցել է նաև Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցի առաջատար գիտաշխատող Իգոր Անդրեյցևը»,- նշված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ լապարասկոպիկ մեթոդի առավելություններն, ի տարբերություն բաց եղանակի, շատ են: Նախ հիվանդը հետվիրահատական շրջանը հաղթահարում է գրեթե անցավ, արագ ապաքինվում է, կրճատվում է հիվանդասենյակում գտնվելու ժամկետը, բնականոն կյանքին ու աշխատանքին վերադառնում է սեղմ ժամկետում, հետվիրահատական մեծ սպիներ չի ունենում: