«Ադրբեջանը ստացել է Իրանի մեսիջը. իրավիճակը լարված է». Իսակ Յունանեսյան
«Իրանը նկատի ունի Իսրայելին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին: Իրանում շատ վերլուծաբաններ նշում են, որ Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումը սխալ է, քանի որ նրանք մուտք են գործում տարածաշրջան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահ Ռայիսիի այն հայտարարությանը, որ տարածաշրջանում օտարների ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն՝ նոր խնդիրներ կստեղծի:
Յունանեսյանի խոսքով՝ Իրանում լուրեր են ստացվում, որ Իսրայելը հատկապես Զանգիլանում ունի մեծ ներկայություն. «Իրանական վերլուծաբաններն ասում են, որ Զանգիլանի օդանավակայանը, որի բացմանը մասնակցեց նաև Էրդողանը, ուղղված է հենց Իրանի դեմ, որովհետև այդ մասշտաբի օդանավակայանը սովորական ճամփորդների համար չէ նախատեսված: Իսրայելն այդ օդանավակայանից օգտվելու է, հավանաբար, Իրանի դեմ ապագա զարգացումներում»:
Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին՝ նա հետևյալն ասաց. «Վերջին 30 տարվա մեջ ամենաբարդ հարաբերություններն են՝ Իրան-Ադրբեջան, երեկվանից էլ այդ հարցն ավելի է լարվել համացանցում. Արդեն քանի հատ հոդված եմ տեսել, որ ուղղակի նշել են, որ Իրանի ղեկավարությունն արձագանքի Ադրբեջանի անհեթեթ խոսքերին, որ այս երկու օրվա ընթացքում Իրանին են ուղղված: Իմ կարծիքով՝ այս 30 տարվա մեջ ամենաբարդ իրավիճակն է Իրան-Ադրբեջան հարաբերություններում»:
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը, նրա խոսքով, նախ և առաջ Թուրքիային և Ադրբեջանին ուղղված մեսիջ էր. «Ճիշտ է, Հայաստանի իշխանությունները թույլ են տվել հյուպատոսության բացումը, բայց դա նաև ուղղված էր Հայաստանին, որ Իրանը թե՛ Հայաստանում, թե՛ Կովկասում ներկայություն կունենա: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս ասել են, որ Իրանը ոչ մի ձևով թույլ չի տա, որ Հայաստանի և Իրանի պատմական սահմանը փակվի, բայց արդյո՞ք Իրանը ներկա պարագայում կգնա այդ պատերազմին, թե՞ ոչ, հարցական է, դրա մասին դեռ հստակ դիրքորոշում չկա: Խոսքով այդպես է, այսինքն՝ Իրանը խոսքով ասում է, որ թույլ չեն տա, բայց ռազմական առումով՝ համոզված չեմ: Իրանը զորավարժություններ անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին, դրանով ցույց տալով, որ ներկա են և ամեն ինչ տեսնում են: Բազմիցս ասել են, որ դա կարմիր գիծ է իրենց համար, և վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի արձագանքը, նրանց ջղայնությունը այդ զորավարժությունների նկատմամբ փաստում է, որ այդ մեսիջն արդեն Ադրբեջանը ստացել է, և լարված իրավիճակ է»: