Գերմանիան հայտարարել է, որ հանդես է գալիս ԵՄ-ում Ուկրաինայի օգնության բեռի արդարացի բաշխման օգտին
Բեռլինը Բրյուսելից պահանջում է Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման «բեռի արդարացի բաշխում»: Նոյեմբերի 2-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի դրամաշնորհ հատկացնելու՝ Գերմանիայի կառավարության որոշումը հարկ է դիտել որպես ամբողջ եվրոպական հանրակցության օգնության մաս, բայց անհրաժեշտ է արդարացիորեն բաշխել օգնության բեռը»,- հայտարարել է ֆինանսների նախարարության ղեկավարը:
Այժմ ԵՄ-ն մշակում է 2023 թվականին Կիեւին վարկերի տեսքով մինչեւ 18 միլիարդ եվրոյի ծավալով օգնության տրամադրման պլանները: Երկրները «(նոյեմբերի 3-ին) կքննարկեն, թե ինչպես հանգանակեն այդ գումարը», տեղեկացնում է հրատարակությունը: Լինդների խոսքով՝ «գոյություն ունեն լուրջ կասկածներ, թե Կիեւը չի կարողանա մարել ԵՄ-ի վարկերը», ուստի անհրաժեշտ է տրամադրել դրամաշնորհներ:
Ինչպես հոկտեմբերի 25-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, 2023 թվականին Ուկրաինային կպահանջվի ամսական 3-ից մինչեւ 5 միլիարդ եվրո (տարեկան 36 – 60 միլարդ եվրո) միայն ընթացիկ բյուջետային ծախսերի համար, ներառյալ աշխատավարձերի եւ կենսաթոշակների վճարումները:
Դրանից Եվրամիությունը պատրաստ է ամսական տրամադրելու 1,5-ական միլիարդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: