«Ես ալենական եմ». Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ-ում պապիկյանականների և ավինյանականների բաժանման մասին
Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում աբսուրդ համարեց այն խոսակցությունները, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բաժանված է երկու թևի, մասնավորապես՝ պայքար է ընթանում ավինյանականների և պապիկյանականների միջև:
«Չգիտեմ, ես ալենական եմ: Անկեղծ ասած՝ աբսուրդ է, որովհետև ինքներդ էլ լավ հասկանում եք, որ իշխող կուսակցության ղեկավարը, քաղաքական լիդերը Նիկոլ Փաշինյանն է: Ես այդ թևերի մասին որևէ տեղեկություն չունեմ: Պապիկյանի թև կամ Ավինյանի թև… Ո՞ւմ նկատի ունեք, օրինակ: Այն, որ Ավինյանն ընտրվել է, նշանակում է, որ ինքը թև ունի՞: Ես որ ընտրվել եմ, ուրեմն՝ թև ունե՞մ: Դրանք խոսակցություններ են: Բնական է՝ գնացել է քարոզարշավ, որին, ցավոք սրտի, ես չեմ մասնակցել, մարդիկ իրենց պատկերացումներն են ներկայացրել, մեկը քարոզարշավի բոլոր օրերին ամեն տեղ գնացել՝ մասնակցել է, մյուսն ընդհանրապես չի մասնակցել, բայց ժողովուրդ, ուղիղ եթերով հաշվարկն արվել է, 1027 պատվիրակ, մարդ, որին դուք չեք ճանաչում, մեկ էլ հանկարծակի հայտնվել է վարչության անդա՞մ»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին՝ օրենքի խախտում չի՞ եղել, չպե՞տք է երկու կին ներկայացված լիներ վարչությունում, նա պատասխանեց, որ օրենքի նման պահանջ չկա:
Սիմոնյանը թեպետ նշեց, որ որևէ ձևով չի ուզում մեկնաբանել նոյեմբերի 5-ին հրավիրված հանրահավաքը, բայց կիսվեց իր տպավորություններով. «Ինձ մոտ տպավորություն է, որ իրենք, տենց մի հատ լոզունգ կա ռուսերենով, որ ասում է՝ «никогда не останавливайся, позорься до конца», իմ մոտ տպավորություն է, որ իրենք այլ լոզունգով են առաջ գնում:
Ցավում եմ, որ օրինակ՝ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ այդ քաղաքական ինքնասպանության դերը իրեն են վստահել: Ես ուղղակի ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն ուղղակի դրդում են քաղաքական ոչնչացման, որովհետև, ասենք՝ մենք ընդդիմություն ենք եղել, մենք գիտենք՝ հանրահավաք անելն ինչ է, երբ պետք է դու կանգ առնես, երբ պետք է չշարունակես: Մարդիկ գալիս են ԱԺ այն դեպքում… Չեն գալիս հայաստանյան ՍԴ դատավորի ընտրության, տարբեր օրենքների ընդունման ժամանակ, գալիս են այն ժամանակ, երբ Զատուլինի հետ հարց է բարձրանում, գալիս են Զատուլին պաշտպանելու համար: Հիմա իրենք ՀՀ պատգամավորներ են, չեն գալիս նիստի այնքան ժամանակ, մինչև Զատուլինի թեմա է լինում, վեր են կենում՝ գալիս են, որ Զատուլինին պաշտպանե՞ն»: