Ալեն Սիմոնյանը պնդում է՝ իրենց ժողովրդավարության բացակայության մեջ չի կարելի մեղադրել
«Ինչի մեջ մեզ մեղադրել, բայց ժողովրդավարության բացակայության մեջ մեզ չի կարելի մեղադրել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ ԱԺ-ում հենց Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշումները հակաժողովրդավար են, օրինակ՝ լրագրողները ԱԺ նիստի ժամանակ չեն կարողանում միջանցքներում ազատ տեղաշարժվել, նկարահանումներ իրականացնել, նա արձագանքեց.
«Ժողովուրդ, տենց բան չկա: Դուք հենց նոր տեսախցիկի մոտ հրավիրելուց առաջ, երբ ասացի, որ շատ եմ հարցազրույց տալիս, ինձ ասացիք՝ բայց դուք ժողովրդավար ԱԺ նախագահ եք, հիմա դարձա ոչ ժողովրդավա՞ր: Ինչո՞ւ տեսախցիկից դուրս ես ժողովրդավար եմ, հիմա բան եմ ստորագրել: Կողմնորոշվեք»:
Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ եթե նախկին իշխանությունները ժողովրդավար լինեին, ապա իրենք 2018-ին իշխանության չէին գա:
Դիտարկմանը՝ եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը ավտորիտար էր, ինչպե՞ս հրաժարական տվեց ժողովրդի ճնշման արդյունքում, չէ՞ որ ժողովրդավարությունը հենց դա է, նա արձագանքեց.
«Իսկ ո՞նց կարող էր հրաժարական չտալ: Մարտի 1-ին ինքն ու Ռոբերտ Քոչարյանը այդ քայլին գնացին, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա նախագահ»:
«Որից փառավորվեց Նիկոլ Փաշինյանի հոգին»,- նկատեց լրագրողը:
«Հա, ի՞նչ անենք, ինչո՞ւ ես մեկնաբանում: Եթե հարց ես տվել, թող պատասխանեմ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը՝ նկատելով՝ իսկ ի՞նչ պետք է աներ Սերժ Սարգսյանը:
«Պետք է հիմա շնորհակալություն հայտնեն, որ 2018թ. չի կրակել ժողովրդի վրա՞: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե իշխանության մոտ իշխանությունը պահելու կամ Կարեն Կարապետյանի համար շանս լիներ այդ տեղափոխման ժամանակ իշխանությունը խլելու, եթե ՀՀ ժողովուրդը դա թույլ տար, իրենք դա կանեին, կանեին հեղափոխությունից հետո: ՀՀ քաղաքացիները մասնակից են եղել, ինչ-որ մի մասը փոշմանել է, ինչ-որ մասը ավելի ոգևորվել է, բայց այդ մարդկանց հարգեք, որովհետև իրենք մասնակցել են, և այդ պրոցեսները տեղի են ունեցել»,- նշեց Սիմոնյանը: