Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 125. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականի մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ այն ժամանակ չէր խուսափում լրագրողների հետ շփումներից, մամուլի ասուլիսներ էր կազմակերպում, ասուլիսից առաջ, ավանդույթի ուժով 100 փաստ էր ներկայացնում՝ գովելով թե՛ իրեն, թե՛ իր ներկայացրած կաբինետը։
Այդ օրվա ասուլիսի 92-րդ փաստն այն մասին էր, որ Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ «Այսուհետեւ բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչեւ 1 տարի ազատազրկում է նախատեսվում»,- ասում էր նա։
Այդ հայտարարությունից թե՛ հետո, թե՛ առաջ, սակայն, հենց ինքը՝ Փաշինյանը, մեկ անգամ չէ, որ բռնության կոչով է հանդես եկել՝ ասելով՝ «պատերին կծեփենք», «ասֆալտին կպառկեցնենք», «թաթիկները կկտրենք»՝ դեռ չասած 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրության ժամանակ ասած «բոլորին շ*նելու» եւ մուրճով հարցերը լուծելու պատրաստակամության մասին։
Այդ հայտարարություններից հետո իրավապահ համակարգի որեւէ կառույց դրանք չի ուսումնասիրել, ու Փաշինյանի խոստացած՝ օրենքի տառին համապատասխան վերոնշյալ՝ բացահայտ բռնության կոչեր պարունակող արտահայտությունները քննության առարկա անգամ չեն դարձել։ Եվ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է»: