Իրանը Եգիպտոսի համար վերացնում է վիզային ռեժիմը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը եգիպտացի զբոսաշրջիկների ու գործարարների համար վերացնելու է այցագրային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Սալեհին հավելել է, որ եգիպտական հեղափոխությունից հետո Իրանի ու Եգիպտոսի հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, և յուրաքանչյուր օր երկու երկրներն առաջ են ընթանում: Սալեհին ընդգծել է, որ այցագրային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին կհայտնվի այսօր՝ Կահիրեում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթաժողովի երկրորդ և ամփոփիչ օրը:
ԻՀԿ-ի 12-րդ գագաթաժողովին մասնակցում է 56 երկիր, որոնցից 26-ը, այդ թվում նաև Իրանը ներկայացված են պետության ղեկավարների տեսքով:
Հիշեցնենք, որ Իրանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունները խզվել են ավելի քան 30 տարի առաջ, երբ 1979 թվականին Իրանում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխություն: