Բաժիններ՝

Աբդուլլահ Օջալանն ինքնաթիռով գաղտնի տարվել է Հյուսիսային Իրաք. թուրքական մամուլ

Թուրքական Sözcü թերթը երեկ գրել է, որ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանն ինքնաթիռով գաղտնի կերպ տարվել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ:

Այստեղ նա խորհրդակցություն է անցկացել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ: Սակայն Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը հերքել է այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ պետք չէ լրջորեն վերաբերել այդ տեղեկատվությանը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական Taraf թերթի լրագրող Քուրթուլուշ Թայիզը գրել էր, թե Աբդուլլահ Օջալանը մոտակա 10 օրերին, 1999 թվականի նման, հանդես է գալու PKK-ին ուղղված հրադադարի մասին կոչով, ինչից հետո PKK-ի մարտիկները պետք է լքեն Թուրքիայի տարածքը:

Միևնույն ժամանակ հաղորդվում էր, թե Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, որին վերագրում են քրդական ծագում, այս շաբաթ պետք է մեկնի Էրբիլ և անձամբ բանակցի PKK-ի ղեկավարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս