Ի՞նչ կլինի, եթե Անդրիաս Ղուկասյանը դիմի ՍԴ
ԱԺ անկախ պատմագավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը 168.am-ին ասաց, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր առողջության հիմքով կարող է դիմել Սահմանադրական դատարան, սակայն նման դիմումն անպայման չի ենթադրում, որ ՍԴ-ն պետք է բավարարի դիմումը:
«Սահմանադրական դատարանը պետք է դիտարկի այն հարցը, որ մարդը միտում ունի, միտումնավոր էնպես է անում, որ անհաղթահարելի խոչընդոտ դառնա: Այս հարցը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ: Դրանից հետո ՍԴ-ի ցանկացած որոշում ինձ համար՝ որպես իրավաբանի, չի կարող համարվել անօրինական: Կլինի հետաձգելու մասին, կլինի խոչընդոտը չճանաչելու մասին որոշում, դա կլինի ՍԴ-ի որոշում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ եթե դիմումի քննությունը հանձնվեր ԱԺ-ին, իբրև պատգամավոր՝ ի՞նչ մոտեցում կցուցաբերեիք, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ նման հարցերին եթեներով հնարավոր չէ պատասխանել. «Եթե տրվեր այդ հնարավորությունը, եթե ես իր դիմումը կարդայի, թե ինչն է ինքը համարում անհաղթահարելի խոչընդոտ, այն ժամանակ կասեի: Հիմա ես ի՞նչ իմանամ, ինքն ի՞նչն է համարում անհաղթահարելի խոչընդոտ, շարունակությո՞ւնն է անհաղթահարելի, արդյո՞ւնքն է անհաղթահարելի, ի՞նչն է անհաղթահարելի»:
Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե տարբերություն չկա՞՝ խոչընդոտն առաջանում է թեկնածուի կամքից անկա՞խ, թե՞ ինքը՝ թեկնածուն է ստեղծում այդ խոչընդոտը: ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ինձ համար տարբերություն կա, բայց դրանց տարբերությունները պետք է տա Սահմանադրական դատարանը»: