«Հանրապետականները և գործող նախագահը չարժեն այդ մարդու կյանքը»

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը քիչ առաջ այցելեց նախագահի մեկ այլ թեկնածուի՝ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին, ում առողջական վիճակն առավոտյան վատթարացել է: Վարդան Սեդրակյանն իր զորակցությունն է հայտնել և աջակցություն առաջարկել Անդրիաս Ղուկասյանին, ինչից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ամեն մի պահ, ամեն մի րոպե կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Անդրիաս Ղուկասյանի առողջության վրա, բայց նա հաստատակամ է  իր որոշման մեջ, և այդ պատճառով՝ ես իրեն ոչինչ չեմ հորդորել, միայն ասել եմ՝ որքանով կարող եմ, կօգնեմ իրեն.  նկատի ունեմ՝ իմ եթերաժամանակով, ասուլիսներով և հարցազրույցներով»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Գործընկեր թեկնածուն նշեց, որ Անդրիաս Ղուկասյանն իրեն ասել է, որ չի ստորագրի ընտրությունների արդյունքների փաստաթղթերը: «Բնական է, որ այն խաղը, որը ցանկանում է  խաղալ իշխանությունը, և այդ նկարչությունը, որն ուզում է իրականացնել, դրդեցին ինձ, ի պատասխան Անդրիասի հարցին, ասել, որ ես ևս չեմ ստորագրի ընտրությունների արդյունքների փաստաթղթերը:  Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց, որ չի կասկածում իմ խոսքերին»,- նշեց էպոսագետը:

Վարդան Սեդրակյանը զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ մինչ օրս հացադուլավոր թեկնածուին չի այցելել Սերժ Սարգսյանը: «Լավ, Սերժ Սարգսյան թեկնածուն է, որպես թեկնածու՝ չի գալիս, բա որպես նախագա՞հ ինչու չի գալիս: Ի՞նչ է նշանակում՝  գնալ գյուղեր, անորոշ բաներ խոսել, իսկ իր նստավայրից մի քանի քայլ հեռավորության վրա, երբ մարդն իր առողջությունը դրել է  հարվածի տակ, կյանքի և մահվան կռիվ է  տալիս, նախագահը նրան չի այցելում: Սա է երևի ապահով Հայաստանը»,- նշեց  էպոսագետ թեկնածուն:

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչո՞ւ բոլոր թեկնածուներով չեք հավաքվում և չեք հորդորում Անդրիաս Ղուկասյանին՝ դադարեցնել հացադուլը, էպոսագետը պատասխանեց. «Մյուս թեկնածուները հավանաբար իրենց համարում են բարձր, և այդ մարդկանց հետ միասնական հորդորելն անիմաստ է: Ի՞նչը հորդորենք, հորդորենք, որ հավաքվե՞ն, ի՛նչ է, մյուս թեկնածուները չգիտե՞ն՝ այստեղ ինչ է կատարվում: Կրկնում եմ, որ մեր հնարավորությունների չափով պետք է կարողանանք եթե ոչ՝ քաղաքական, ապա՝ գոնե բժշկական լուծում տալ այս հարցին, մարդուն համոզենք, որ դուրս գա հացադուլից: Ես իրեն էլ ասացի, որ իր առջև դրված հարցը՝  որ ընտրությունները կեղծ և շինծու չանցնեն, այն հարցը չէ իր կշիռով, որ ինքը՝ երիտասարդ, ընտանիք, երեխաներ  ունենալով,  իր կյանքը պետք է վտանգի: Հանրապետականները և գործող նախագահը չարժեն այդ մարդու կյանքը»:

Տեսանյութեր

Լրահոս