Վրաց ուղղափառ եկեղեցին 2013 թվականը հայտարարել է Թամարա թագուհու տարի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց ուղղափառ եկեղեցու որոշմամբ 2013 թվականը հայտարարվել է Թամարա թագուհու տարի: Այս մասին կիրակնօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Վրաց պատրիարք Իլյա 2-րդը:
Վերջինիս խոսքերով՝ 2013 թվականը համարվում է հոբելյանական տարի, քանի որ գիտնականները կարծում են, որ ընթացիկ տարում լրանում է վրաց թագուհու մահվան 800-րդ տարելիցը:
Պատրիարքը հավելել է, որ կան նաև այլ ենթադրություններ, սակայն գիտնականների մեծ մասն այլ կարծիքի է, ինչի համար էլ որոշվել է այս տարի հայտարարել Թամարա թագուհու տարի:
Հիշեցնենք, որ Բագրատիոնների դինաստիայի ներկայացուցիչ Թամարա թագուհին, ով ծնվել է 1166 թվականին, Վրաստանում իշխել է 1184-1209/1213 թվականներին: Նրա կառավարման ժամանակաշրջանը համարվում է Վրաստանի պատմության ոսկե դար: