Բրազիլիայում հայտնաբերել են կապիկի ծաղկի առաջին դեպքը շան մոտ
Բրազիլիայի իշխանությունները հայտնաբերել են կապիկի ծաղկի առաջին դեպքը շան մոտ. կենդանին ապրում է հիվանդացած տիրոջ հետ միասին: Այդ մասին հայտնել է Մինաս Ժեյրասի նահանգի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչությունը հաղորդում է, որ տեղեկատվություն է ստացել «շան մոտ կապիկի ծաղկի թեստի դրական արդյունքի մասին»: Ծաղկի ախտանշանները կենդանու տիրոջ մոտ ի հայտ են եկել օգոստոսի 3-ին, շան մոտ՝ օգոստոսի 13-ին: Նրա մարմնի վրա հայտնվել են թարախաբշտիկներ եւ կեղանքներ: Կենդանուն հետազոտած անասնաբույժը որոշել է ծաղկի անալիզ անել: Ե՛վ տերը, ե՛ւ շունը գտնվում են տանը՝ մեկուսացման մեջ. մարդն իրեն լավ է զգում, կենդանու մոտ նույնպես տկարության նշաններ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: