Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է. Արցախի ՆԳՆ

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Նշվում է, որ Արցախի Հանրապետություն մտնող և դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները:

Օգոստոսի սկզբին հայտարարվեց, որ Արցախի Բերձոր քաղաքի և Աղավնո գյուղի բնակիչներին իրենց բնակավայրերը լքելու համար ժամանակ է տրվում մինչև 2022 թ. օգոստոսի 25-ը, քանի որ Ադրբեջանն ավարտել էր Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի իր հատվածի շինարարությունը և միջանցքը նոր երթուղի տեղափոխելու պահանջ էր ներկայացրել:

Օգոստոսի 17-ին «Ազատության» հետ զրույցում Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։

Արցախի Հանրապետության խորհրդարանական 5 խմբակցությունների ղեկավարներն օգոստոսի 23-ին հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։

Տեսանյութեր

Լրահոս