Կոռումպացված համակարգը շարունակում է մնալ այդպիսին. ՊՎԾ ղեկավարի նոր բացահայտումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողության ծառայության՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նախորդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում ինքնախոստովանություններով հանդես եկավ, թե ինչպես է հետհեղափոխական ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանը շարունակում մնալ թաթախված կոռուպցիայի մեջ, եւ ինչպես չի հաջողվել հեղափոխական քաղաքապետ Հայկ Մարությանին վերացնել կոռուպցիան այդ մարմնից:
Խոսքն այն քաղաքապետի մասին էր, որին իշխող թիմի բոլոր ներկայացուցիչները պաշտպանում էին բոլոր իրավիճակներում՝ աչք փակելով կոռուպցիոն բոլոր երեւույթների վրա: Այդ մասին շատ ենք գրել: Այժմ անդրադառնանք Հայաստանի մեկ այլ կոռումպացված կառույցին՝ Պետական առողջապահության գործակալությանը՝ ՊԱԳ, որի գործունեությունը դարձյալ ՊՎԾ-ի թիրախում է:
Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց. «Եթե պետական մարմիններում վերահսկողական մարմինները հավուր պատշաճի գործեն, ՊՎԾ-ն անելիք չի ունենա: ՊԱԳ-ով տրված պետպատվերների ձեւավորման հայտերի ներկայացման եւ ֆինանսավորման գործընթացի մասով կան բավականին լուրջ ընթացակարգային խնդիրներ, իսկ որտեղ ընթացակարգային եւ օրենսդրական բացեր կան, այնտեղ ակտիվանում են անբարեխիղճները, բույն է դնում կոռուպցիան, ցավոք»:
Հիշեցնենք, որ ՊԱԳ-ը բոլոր ժամանակներում է աչքի ընկել անբարեխիղճ եւ կոռումպացված գործունեությամբ, ինչպես նկարագրեց Պետրոսյանը: Դեռ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող մի քրեական գործով հունիսի 13-ին ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե ինչ եղավ այս գործը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում