Հերթական փայը խլեցին Զանգեզուրի կոմբինատից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը շարունակում է «փայ խլել» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Կառավարության երեկվա նիստում հաստատվեց հերթական նախագիծը, որով կոմբինատը պետությանը հերթական բաժնետոմսերի խմբաքանակն է նվիրում, որն էլ հավատարմագրային կառավարման է անցնում Պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, որի տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ, ըստ օդում կախված լուրերի՝ բազմաթիվ բիզնեսներ տնօրինող, Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն է։
Նախագիծը կառավարության նիստում ներկայացնում էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ մարդ, ով իշխանափոխությունից հետո՝ 2021 թվականի մայիսին, 584 հազար 950 դոլարանոց տուն է գնել ԱՄՆ Մերիսվիլ քաղաքում, բայց թե ինչ միջոցներով՝ մինչ այս պահը մնում է անհայտ։

«Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նվիրատվություն, «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում սեփականության իրավունքով «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող 188 հազար 947 հատ հասարակ բաժնետոմս, որոնց քանակն ընդհանուր կոմբինատի բաժնետոմսերում կազմում է 6.875 տոկոս, եւ որոնց կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Որոշման նախագծով առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ ԱՆԻՖ, պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականությունը»,- ասաց  կառավարության մեծահարուստ պաշտոնյան։

«ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ն, ըստ համացանցում առկա տեղեկատվության, ժամանակին պատկանել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին` Մաքսիմ Հակոբյանի որդուն, բայց հնարավոր է, որ սեփականատերն իր բաժնեմասը վաճառել է ավելի վաղ: ԶՊՄԿ-ի սեփականատերերի ցանկը մութ անտառ է հիշեցնում, որտեղ մեծ թվով նախկին ու ներկա փայատերեր կան, եւ ամենակարեւորը` կա նաեւ դատական պրոցես, որով վիճարկվում է նախորդ անգամվա գործարքը` ՀՀ կառավարությանը բաժնեմասի 15 տոկոսի փոխանցումը: Շատ հնարավոր է, որ այս դատական պրոցեսը երկար տարիներ ձգվի եւ անգամ միջազգային արբիտրաժ հասնի: Բայց Փաշինյանի կառավարությունն առաջնորդվում է` այդ ժամանակ «կա՛մ էշը կսատկի, կա՛մ` իշատերը» սկզբունքով:

Նիկոլ Փաշինյանն այստեղ հիշեցրեց, որ 2021թ. սեպտեմբերի 30-ին ստացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը` որպես նվիրատվություն, որի կառավարումը եւս հանձնվել էր ԱՆԻՖ-ին։ Այդ անգամ դա տեղի էր ունեցել կոմբինատի 60 տոկոս փայատեր «Գեոպրոմայնինգ» ընկերության «բարի կամքի դրսեւորմամբ»։ Նա նաեւ խոստովանեց, որ այդ նվիրատվությունն իրենք ընդունել էին գաղտնի որոշմամբ՝ դրա վերաբերյալ բերելով ինչ-որ անհեթեթ հիմնավորումներ։

Հիմա, փաստորեն, եւս 6.8 տոկոս բաժնետոմս են նվեր ստանում, այս անգամ՝ «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ի բարի կամեցողությամբ, ու հանձնում ԱՆԻՖ-ին, այսինքն՝ Տիգրան Ավինյանին, որ նա կառավարի։ Ըստ այդմ, կառավարությունը Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերող ընկերությունում ունենում է մոտ 22 տոկոս բաժնեմաս, ինչը Նիկոլ Փաշինյանը հռչակեց որպես իր նախընտրական խոստման իրականացում։ Այսինքն՝ մասնավորից բիզնես խլելն ու այն Տիգրան Ավինյանի տնօրինմանը հանձնելը Փաշինյանը համարում է նախընտրական խոստման կատարում եւ այն «վաճառում» է իր ընտրազանգվածի վրա։

Մեզ ասացին, որ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի պետականացումից, իսկ ավելի պարզ ասած՝ փաշինյանականացումից հետո Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերող ընկերությունն սկսել է խզել տարբեր ընկերությունների հետ իր ունեցած պայմանագրերը, հրաժարվել մատակարարների մատուցած ծառայություններից եւ նոր մրցույթներ անել կամ ուղիղ պայմանագրեր կնքել այնպիսի ընկերությունների հետ, որոնց որոշ մասն ինչ-որ թելերով կապված է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ, օրինակ՝ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի, Քաջարանի գործող քաղաքապետ, Աննա Հակոբյանին վարդեր նվիրած Մանվել Փարամազյանի հետ, որոշ մասի առնչությամբ էլ ուղղակի խնդիր է դրված եղել, որ որեւէ կապ չունենան նախկինների հետ։

Մասնավորապես, կոմբինատը հրաժարվել է նաեւ բեռնափոխադրող, հանքաքարը տեղափոխող ընկերություններից, որոնցից մեկն առնչություններ ուներ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:

Պայմանագիրը խզել են նաեւ Հայաստանի ամենամեծ բեռնափոխադրող` «Ապավեն» միջազգային ընկերության հետ, որը երկար տարիներ աշխատել է ԶՊՄԿ-ի հետ, նաեւ այլ մեծ ու փոքր ապրանքատեսակներ եւ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ են դադարեցրել աշխատելը՝ նախապատվությունը տալով «նիկոլական» կամ Նիկոլ Փաշինյանին լոյալ բիզնեսմեններին, որոնց մենք առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք։

 

Տեսանյութեր

Լրահոս