Ռուսաստանցիներն սկսել են ավելի հազվադեպ մեկնել Եվրոպա
Զբոսաշրջությունը Եվրոպայում միշտ թանկ է եղել, իսկ ռուսաստանցիներն ընտրում են էժան լողափեր, ուստի այժմ հոսքը ԵՄ-ի երկրներ զգալիորեն կրճատվել է նաեւ այն կասկածների կապակցությամբ, որ ռուսաստանցիներին այնտեղ ուրախ չեն տեսնել, բայց նրանք, ովքեր «իրենց չեն պատկերացնում» առանց Եվրոպայի, առաջվա պես այնտեղ են մեկնում: Այդ մասին հայտնել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը:
«Զբոսաշրջությունը Եվրոպայում միշտ թանկ է եղել: Մեզ մոտ զանգվածային զբոսաշրջությունը միշտ եղել է ոչ թե թանկ Եվրոպան, այլ էժան լողափերը… Բայց առկա է նաեւ այն բանի հետ կապված անհանգստությունը, որ մեզ այնտեղ ուրախ չեն տեսնել, դա նույնպես ազդում է շատերի վրա:
Հաճելի չէ մեկնել այնտեղ, որտեղ քեզ կարող են բոյկոտել, վիրավորել, հրաժարվել քեզ հետ ռուսերեն խոսելուց, նույնիսկ եթե կարող են, բայց չգիտես ինչու չեն ցանկանում: Դա նույնպես շատ ուժեղ ազդում է: Ուստի, այո, մենք տեսնում ենք Եվրոպայի երկրներ արտագնա զբոսաշրջության նվազում: Բայց դրա հետ մեկտեղ նրանք, ովքեր ցանկանում են, ովքեր առանց դրա չեն պատկերացնում իրենց, առաջվա պես այնտեղ են մեկնում»,-Ֆյոդորովը պատմել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ եվրոպական տուրիստական երթուղիներն ընտրում է «ռուսաստանցիների բացարձակ փոքրամասնությունը»: «Մեզ մոտ հիմնական տուրիզմը եղել է ոչ թե Շենգենի երկրներ, այլ ավելի պարզ, էժան՝ Եգիպտոս, Թուրքիա, Չինաստան: Դա նաեւ մինչեւ վերջին պատժամիջոցներն էր հայտնի»,-հավելել է Ֆյոդորովը: