«Ո՞ւր պետք է վերաթաղեք Ձեր շիրիմները, եթե հայրենիք չունենաք». Նաիրա Մելիքյան

44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ իր որդին և նրա մարտկոցի 20 զինվորները զոհվել են «Նիկոլ Փաշինյանի և նրա խունտայի կողմից հրահրված դավաճանական, ծախված պատերազմում», «հրամկազմի միտումնավոր ստեղծած քաոսի, սխալ հրամանների» արդյունքում:

«Պատերազմից անցել է երկու տարի և մինչ օրս պատժված որևէ բարձրագույն իշխանության ներկայացուցիչ չկա: Ինչպես արդեն ասվեց, մենք մեր Ցորի ծնողներով գրեթե 14 ամիս փնտրել ենք մեր երեխաներին, քանի որ երբ մենք բոթը առանք՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, հույս ունեինք, որ մի քանի օրվա ընթացքում մեր երեխաների մարմինները կտան, և մենք նրանց պատշաճ կերպով կհուղարկավորենք: Սակայն, 14 ամիս մենք գտնվեցինք անասելի մղձավանջի մեջ, չգիտեմ, թե ինչպես չխելագարվեցինք, և այնուհետև մեր երեխաների մասունքները հանձնեցին՝ ամեն երեխայից մեկ ոսկոր, ես կոնկրետ իմ երեխայից ազդրի մեկ ոսկոր եմ ստացել և մինչ օրս էլ չգիտեմ, թե որտեղ է նրա մարմինը: Մենք մինչ օրս ունենք բազմաթիվ անհետ կորածներ, գերիներ, տեսնում ենք, թե այս իշխանությունը ինչպես է մատների արանքով և ամենայն ցինիզմով նայում այս ամենին, և կարծես թե ծաղրում է մեզ: Մեր երեխաները արդեն չկան, և, ցավոք սրտի, նրանց համար ոչինչ չենք կարող անել, բայց ապրողների համար պարտավոր ենք պայքարել, որպեսզի նրանք ունենան հայրենիք: Սրանք պարզապես խոսքեր չեն, ժողովուրդ: Ես, որ անցել և անցնում եմ դժոխքի միջով, չեմ ուզում, որ նույնը կրկնվի ձեր երեխաների հետ: Բայց այն, ինչ անում է այս իշխանությունը, այս թուրքական խունտան, որը, տեսնում ենք՝ ամեն օր հանձնում է մեր հայրենիքի հերթական մասը, այն հողը, որի վրա դեռ չի չորացել մեր երեխաների արյունը: Դա մեր վիշտն ավելի է խորացնում, քանի որ ստացվում է՝ ինչպես ասում էր տիկին Աննա Հակոբյանը՝ մեր երեխաները զոհվել են հանուն ոչնչի»,- ընդգծեց նա:

Նաիրա Մելիքյանին սարսափեցնում է համատարած անտարբերությունը. «Ես գրեթե ամեն օր խոսում եմ տարբեր մարդկանց հետ, և շատ հաճախ լսում եմ այսպիսի պնդումներ, որ մեր փոխարեն արդեն ամեն բան որոշված է, որ ուժային կենտրոններն արդեն որոշել են, որ մենք ոչինչ չենք կարող փոխել: Եթե ձեր երեխան կամ ձեր մայրը օգնության կարիք ունենան, դուք այդ ժամանակ ևս կասե՞ք, որ ձեզնից ոչինչ կախված չէ, որ ոչինչ չեք կարող անել: Այդ պարագայում ինչո՞ւ չեք լսում մեր հայրենիքի ճիչը, ինչո՞ւ չեք օգնում մեր հողին, մեր ջրին: Վերջապես, մենք պե՞տք է ապացուցենք, որ մենք ազգ ենք, ոչ թե խառնամբոխ: Ես անցյալ օրը հետևում էի, թե ինչպես են Աղավնոյում մարդիկ այրում իրենց տները, արտաշիրմում անում իրենց հարազատների մասունքները Հայաստան տեղափոխելու համար, դուք կարո՞ղ եք մեկ վայրկյան պատկերացնել, որ հաջորդը կարող եք դուք լինել, դուք այրեք ձեր քրտինքով ստեղծած տները և արտաշիրիմեք ձեր հարազատներին, բայց ո՞ւր պետք է վերաթաղեք, եթե այլևս հայրենիք չի լինելու: Այն, ինչ կատարվում է Հայաստանում 2018-ից ի վեր, կասկած չկա, որ կոյուղային ժողովրդավարական մարդասպան ուժային կենտրոնների պլանավորածն է, բայց ես գիտեմ մի բան՝ կա մի բան, որը նրանք չեն կարող պլանավորել, դա ժողովրդի զարթոնքն է, այդ զարթոնքի հզոր ալիքը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս