Հայաստանի ազգային հավաքականն առավոտյան մեկնեց Ֆրանսիա
Փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա ֆրանսիական Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, չարտերային չվերթով մեկնեցին Ֆրանսիա: Ուղևորությունը կտևի մոտ 6:30 ժամ: Ինքաթիռը վայրէջք կկատարի Խորվաթիայի Սպլիտ քաղաքում վերալիցքավորման համար, այնուհետև կմեկնի Լիոն, որից հետո Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը կուղեվորվի մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Վալանս քաղաքը: Թիմը կհանգրվանի «Դոմեն դե Սոյոն» հյուրանոցում:
Երևանից Ֆրանսիա մեկնեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Կամո Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանը, Կարեն Մուրադյանը և Արտակ Եդիգարյանը: Հայաստանի ազգային հավաքականն ամբողջական կազմով կհավաքվի Վալանսում փետրվարի 3-ի երեկոյան:
Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը