Անահիտ Ավանեսյանը ստե՞լ է

Հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները:

«Սա ցավալի փաստ է, բայց իրականություն, իսկ նման կարգի բացակայության պայմաններում որևէ պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկել՝ իրավաբանների համար հասկանալի է, թե դա ինչ է»,- նշել էր դատախազը:

Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ եթե խոսում ենք հանցակազմի մասին, եթե հանցակազմի օբյեկտիվ կողմը չենք ապահովում, օբյեկտիվ կողմի պայման հետևանքը որևէ էական նշանակություն չունի:

«Որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար պաշտոնեական հանցագործության համար պարտադիր են այդ լիազորությունները: Այդ լիազորությունները չկան, և մենք միջնորդություն ենք ներկայացրել այդ կարգը սահմանելու համար»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ այս աղմկահարույց բացահայտումն արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին:

Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ:

Խոսելով գետնի վրա գտնվող պարկերի մասին՝ Ավանեսյանը ընդգծել էր՝ կա հստակ, խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։

«Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնց պաշարները Կարմիր խաչի հետ միասնական ձևով մշտապես թարմացվել են, և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի՞ մեջ պետք է պահվեն: Նորից եմ կրկնում՝ դրանք ունեն խիստ ընթացակարգ՝ ինչպես են տեղադրվում պարկերի մեջ, զմռսվում և պահպանվում»,- ասել էր առողջապահության նախարարը:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն Անահիտ Ավանեսյանի խոսքերը, ըստ որոնց՝ կա հստակ ընթացակարգ, թե ինչպես են պահվում պատերազմից հետո բերված դիերը, դատախազը փոխանցեց՝ նախարարի խոսքերը չի մեկնաբանում:

«Քրեական գործով մենք հարցում ենք ուղարկել Առողջապահության նախարարություն «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց վերաբերյալ, որտեղից ստացել ենք պատասխան՝ նման կարգ չկա, չկա նաև որևէ նորմատիվ-իրավական կարգ»,- նշեց Պետրոս Պետրոսյանը:

Այսինքն ի՞նչ է ստացվում՝ հանրային մեծ աղմուկի ճնշման տակ Անահիտ Ավանեսյանն ասել է մի բան, որն իրականության մեջ չկա՞…

Հարցի պատասխանը 168.am-ը փորձեց ստանալ Առողջապահության նախարարության հանրային կապերի պատասխանատուներից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Ամեն դեպքում մենք պատրաստ ենք հրապարակել թեմայի վերաբերյալ Առողջապահության նախարարության պարզաբանումը:

Մնում է եզրակացնել՝ կամ Անահիտ Ավանեսյանը ստել է Պետրոս Ղազարյանի եթերում, կամ Դատախազության կողմից ուղարկված գրությանը պատասխանելիս, իսկ թե ինչու, թերևս, կիմանա միայն ինքը:

Բայց հարցը նույնիսկ դրա մեջ չէ. եթե անգամ չկար նման ընթացակարգ, առողջապահության նախարար Ավանեսյանը պարտավոր էր այդ սահմռկեցուցիչ դեպքից հետո հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ պարտադիր իրավունքի ուժով պատասխանատվության ենթարկելու լծակներ ունենալու համար յուրաքանչյուրին, ով կհանդգներ նման քամահրական վերաբերմունքի արժանացնել նահատակված որևէ զինծառայողի: Երբ իրենց պետք է, ցանկացած չնչին առիթով շատ արագ կատարվում է օրենսդրական փոփոխություն: Իսկ տվյալ դեպքում խոսքը մարդկային կյանքերի ու ողբերգության մասին է. բարոյականության սահմաններ կան, որոնցից անդին անդունդ է:

Տեսանյութեր

Լրահոս