Լիտվայում տարեկան գնաճը հասել է ռեկորդային ցուցանիշների
Լիտվայում տարեկան գնաճը հուլիսին կազմել է ռեկորդային 21,6 տոկոս. ցուցանիշի վրա զգալի ազդեցություն են ունեցել մթերքների, վառելիքի, էներգիայի եւ ծառայությունների գների աճը: Այս մասին հաղորդում է Լիտվայի վիճակգրության դեպարտամենտը: «Տարեկան գնաճը (2022 թվականի հուլիսին 2021 թվականի հուլիսի համեմատությամբ) կազմում է 21,6 տոկոս:
Տարեկան գնաճի վրա առավել մեծ ազդեցություն է ունեցել վառելիքի, կաթի եւ կաթնամթերքի, պանրի, ձվի, ջերմաէներգիայի, էլեկտրաէներգիայի, հացի եւ հացահատիկային արտադրանքների, կոշտ վառելիքի, մսի եւ մսամթերքիների, գազի, սրճարանների, ռեստորանների եւ նմանօրինակ հաստատությունների ծառայությունների, անձնական փոխադրամիջոցների վերանորոգման եւ տեխզննման ծառայությունների, յուղի եւ ճարպի, ինչպես նաեւ բանջարեղենի գների աճը»,-ասվում է դեպարտամենտի կայքում զետեղված հայտարարության մեջ:
Նշվում է, որ սպառման ապրանքների գները տարվա ընթացքում աճել են 25,6 տոկոսով, ծառայություններինը՝ 12,3 տոկոսով:
Լիտվայում տարեկան գնաճը հունիսի արդյունքներով հասել է 20,5 տոկոսի: Ուկրաինայի իրադրության, Ռուսաստան եւ Բելառուս ապրանքների արտահանման դադարեցման եւ մատակարարումների հետ կապված ընդհատումների ֆոնին SEB խմբի տնտեսագետները վատացրել են Բալթիկայի երկրների տնտեսության կանխատեսումները 2022 եւ 2023 թվականներին, նշելով, որ ամբողջ թվարկվածը ժամանակավորապես կխախտի շինարարակրան եւ արդյունաբերական սեկտորների աշխատանքը երկրորդ եւ երրորդ եռամսյակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: