Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարը քարտերին կփոխանցվի մինչև օգոստոսի 25-ը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են.
«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը Ձեր քարտերին կփոխանցվի ընթացակարգի համաձայն՝ մինչև օգոստոսի 25-ը․ փոխանցման մասին կարող եք տեղեկանալ նախարարության կողմից տարածվող հայտարարության միջոցով։ Հաջորդող ամիսներին ևս ծրագիրը կգործի ընթացակարգով սահմանված ժամանակացույցի համաձայն (այսինքն` յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսի 25-ը)։
Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
Այս պահին ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն»։