ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ժամկետը դեռ հստակեցված չէ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունը: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Յան Կելին:
Վերջինիս խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է լարվածության նվազեցման ու բանակցային գործընթացի առաջխաղացման մասին ուղիների համատեղ քննարկումը. «Մենք անհամբերությամբ ենք սպասում մոտակա շաբաթներին արտգործնախարարների հետ հերթական հանդիպմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանային այցին՝ գործընթացը շարունակելու համար: Կոնկրետ ժամկետները դեռ հստակեցված չեն»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպել են հունվարի 28-ին, Փարիզում: