«Ուղղակի ահավոր է․ ահուսարսափը սրտներումս՝ ապրում ենք»․ Ամասիայի վթարային շենքի բնակիչներն ահազանգում են

Շիրակի մարզի Ամասիա համայնքի 26-րդ փողոցի N15 շենքի բնակիչները 2 օր առաջ գրանցված ուժգին երկրաշարժի ժամանակ խուճապահար դուրս էին եկել շենքից և 1 ամբողջ օր անցկացրել էին դրսում: Այսօր նրանք 168.am-ի հետ զրույցում ահազանգեցին՝ շենքը փլուզվում է, իրենք սեփական կյանքը վտանգելով, ճարահատյալ ապրում են այնտեղ, իսկ ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում խնդրի լուծման առնչությամբ։

Բնակիչներից մի տղամարդ, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, մեզ հետ զրույցում ասաց, որ հուլիսի 11-ին գրանցված երկրաշարժի ժամանակ, երբ ամբողջ շենքը ցնցվել էր, բնակիչները մի կերպ էին դուրս նետվել բակ․

«Ահավոր երկրաշարժ էր․ վախ, սթրես․․․ Պատկերացրեք՝ ոչ վթարային շենքում ապրողներն են վախեցել, բա վթարային շենքում բնակվողների մո՞տ ինչ վիճակ կլինի։ Բոլորը առավոտ շուտ փոքր երեխեքը գրկներին՝ վազել էին դուրս։ Սա շատ լուրջ հարց է, որովհետև նախորդ տարի, երբ նորից ուժգին երկրաշարժ գրանցվեց, շենքում փլուզում եղավ, 2-րդ հարկի լոգասենյակի հատակն ամբողջությամբ փլուզվել էր, հատակին մոտ 2 քառակուսի մետր անցք էր բացվել, լավ է, որ 1-ին հարկը բնակեցված չէր․․․»։

Վթարային շենքի բնակիչների խոսքով՝ նախքան 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, շենքն արդեն իսկ 3-րդ կարգի վթարային էր համարվել։ 1988 թվականին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից, ապա դրան հաջորդած համեմատաբար թույլ հետցնցումներից հետո շենքը վերջնականապես շարքից դուրս է եկել։ Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ դիմել են՝ ինչպես նախորդ, այնպես էլ՝ ներկայիս իշխանություններին, սակայն մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել․

«Մենք բազմիցս դիմել ենք համայնքապետարան, մարզպետարան, Կառավարություն, բայց գործին ընթացք չեն տալիս։ Նախորդ ամիս բնակիչներով հանդիպել ենք Շիրակի փոխմարզպետի հետ, բարձրաձայնեցինք այս խնդրի մասին, ասեց՝ մարզում այդպիսի շատ շենքեր ունենք, մինչև 2025 թիվը ոչ մի բան չենք կարող անել․․․ Բայց շենքի վիճակն աղետալի է։ Մարդիկ կան, որ վախից շենքը լքել են, որը՝ վարձով, որը՝ հարազատի տուն։ Շենքում 30-32 բնակարան կա, բայց մոտ 8-10 ընտանիք են ապրում, իրենք էլ ստիպված են, քանի որ հնարավորություն չունեն որևէ տեղ գնալու։

Այս Կառավարությանը հենց 2018 թվականին ենք դիմել, պատասխան եկավ, որ մինչև 2022 թիվը խնդիրը կլուծեն, բայց ինչպես տեսնում ենք՝ խնդիրը առկա է, դեռ մի բան էլ ավելի վատ վիճակ է։ Ընտրությունների ընթացքում դեպուտատները եկել են, բանավոր դիմել ենք, խոստացել են, որ կզբաղվեն, բայց էդպես էլ մնացել է․ ընտրություններից հետո էդ նույն դեպուտատները չեն էլ եկել մի հատ հետաքրքրվեն․․․

Սեյսմիկը գալիս-նայում, ասում է՝ 4-րդ կարգ է, բայց պետք է 3-րդ կարգ գրենք։ Խոսակցություններ կան, որ հատուկ 4-րդ կարգ չեն տալիս, որովհետև, եթե 4-րդ կարգ գրվի, Կառավարությունը բնակիչներին նոր բնակարաններով պետք է ապահովի»։

Շենքի տարեց բնակիչներից Օֆելյա Մկրտչյանն էլ, որն ամուսնու հետ ապրում է վթարային շենքի 3-րդ հարկում, նկարագրեց շենքում առկա իրավիճակը․

«Երկրորդ և երրորդ հարկերում ոչինչ չկա, աղբանոց է, երրորդ հարկում թոշակառու ամուսիններով մի կերպ ապրում ենք։ Շենքը լրիվ խարխլված է, 1-ին հարկում ընդհանրապես բնակիչ չկա, 2-րդ հարկում բնակիչ չկա, 3-րդ հարկում 2 բնակիչ ենք, 4-րդ հարկում՝ մի բնակիչ, 4 բնակիչ էլ մյուս մուտքում են։ Մեր կյանքը վտանգելով՝ ապրում ենք, ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, 100 անգամ գրել ենք, գյուղապետարան, մարզպետարան գնացել ենք, նամակների պատասխանները ստացել ենք։ Նախորդ ամիս փոխմարզպետի հետ հանդիպմանը ես էլ եմ ներկա եղել, ասաց՝ 2 տարի մենք բնակֆոնդ չունենք։ Բայց մինչև էս Կառավարությունից ասում էին՝ մինչև 2022 թիվը հարցը կլուծենք, էդ նամակները լրիվ կան, պահպանվում են․․․»։

Հարցին, ո՞րն է բնակիչների պահանջը՝ նո՞ր բնակարաններ, շենքի բնակիչները պատասխանեցին․

«Այստեղ կիսակառույց շինություններ կան, կարող են շենքը կառուցել ու տրամադրել, որովհետև այս շենքում ապրելն այլևս անհնար է, ամեն պահ կարող է աղետալի վիճակ լինի»։

Մեր խնդրանքով՝ բնակիչները նաև տեսանկարահանել են վթարային շենքը, որտեղ անմարդկային պայմաններ են․

«Ուղղակի ահավոր է, բոլոր բնակիչներս ահուսարսափը սրտներումս բնակվում ենք այս շենքում․․․»։

Ի դեպ, Կառավարության հունիսի 23-ի նիստում երկրի ֆինանսների նախարարը զեկուցել էր, որ 2022 թվականի առաջին կիսամյակում 40 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքվել, որն էլ ներկայացրած նախագծով ուղղվեց Կառավարության պահուստային ֆոնդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել էր, թե «Մենք պետական բյուջեում հավելված ունենք, որտեղ նախատեսել ենք կապիտալ ծրագրեր, որոնք այդ պահի դրությամբ մեր բյուջետային շրջանակի մեջ չի տեղավորվել, և մենք պահել ենք հենց այս դեպքերի համար»: Բայց այդ կապիտալ ծրագրերում վթարային շենքում ապրող բնակիչների հարցը կարծես չի ներառվել:

Այդուհանդերձ, խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով 168.am-ը փորձեց զրուցել Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանի հետ, սակայն ընդունարանի աշխատակիցը փոխանցեց, որ փոխմարզպետը զբաղված է։ Մենք աշխատակցի միջոցով հարցը փոխանցեցինք, նշելով, որ խնդրի վերաբերյալ ուզում ենք Կարեն Մանուկյանի մեկնաբանությունը լսել։

Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանի մեկնաբանությունը լինելուն պես, 168.am-ն այն կհրապարակի։

Առաջիկայում 168.am-ը խնդրի վերաբերյալ կդիմի նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, պարզելու՝ նախ տեղյակ են խնդրին, և ապա՝ ինչ լուծումներ են առաջարկում և երբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք 4.4 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ: Երկրաշարժը Շիրակի մարզում գրանցվել էր 5 բալ ուժգնությամբ։

Նույն օրը Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրենց համայնքում ևս ուժգին ցնցումներ են գրանցվել, ցնցվել են հատկապես բարձրահարկ շենքերը, և, որ բնակիչները մի քանի ժամ դրսում են անցկացրել, վախեցել են ներս մտնել, քանի որ հետցնցումները ևս ուժգին էին։

Տեսանյութեր

Լրահոս