«Պետք է օր առաջ հեռանան, որովհետև այո, պատերազմի վտանգ կա»․ Իշխան Սաղաթելյան
«Փաշինյանը մեկ տարի առաջ՝ ընտրություններին, մարդկանց խոստացել է կայունություն, անվտանգություն և խաղաղություն, և իր գլխավոր օրակարգը դա է եղել։ Հետպատերազմյան երկրում մարդկանց համար շատ գայթակղիչ էր խաղաղության խոստումը, և ինքը նաև քվե է ստացել այդ պատճառով։ Անցել է մեկ տարի՝ ասում է՝ հույս չունենաք ու երաշխիք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ՀԳՄ նախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Հիմա ասում է՝ նույնիսկ խաղաղության երաշխիք չենք տալիս ձեզ, ժողովուրդ։ Այսինքն՝ ընտրություններին խոստացել է Արցախի ինքնորոշում, խաղաղություն, վերարտադրվելուց հետո երկուսից էլ հրաժարվել է։ Ինչ վերաբերում է պատերազմի վտանգին՝ իհարկե, կա պատերազմի վտանգ, ու եթե ուզում եք իմանալ, այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա նաև այդ պատճառով։ Այս իշխանությունը պարտության և պատերազմի խորհրդանիշ է։ Աստված չանի՝ եթե այս իշխանությունով մենք պատերազմի մեջ մտնենք, ակնհայտ է՝ ինչ ելք ենք ունենալու։ Այս իշխանությունն ունի պայմանավորվածություններ, պատերազմում պարտված կողմ է և կապիտուլյացիայի հայտարարություն ընդունած, հետևաբար, իրենով դժվար է։ Եթե մի գրամ մտածում են մեր երկրի և ժողովրդի մասին, պետք է օր առաջ հեռանան, որովհետև այո, պատերազմի վտանգ կա»,- ընդգծեց նա։