Թեկնածուի հիմնադրամում գումար չկա, բայց ծախսվում է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջն արդեն կատարվել է,- «Փաստինֆոյի»-հետ զրույցում հավաստել է ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը` նշելով որ ընտրական օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող պաստառներն արդեն վերացրել են:

Ըստ Վ. Սեդրակյանի՝ դրանք տպագրվել են իր միջոցներով, իսկ թե որքան գումար է դրանց վրա ծախսել հրաժարվեց մանրամասնել` նշելով, որ գումարի չափը ցանկություն չունի ասելու: Նկատենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Վ. Սեդրակյանի հիմնադրամում հունվարի 25-ի դրությամբ ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել:

Ինչ վերաբերում է նոր` Ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխանող քարոզչական պաստառների քանակի և տպագրության գումարին, ապա Վ. Սեդրակյանն ասել է. «Նորերը երբ որ պատրաստ կլինեն, նմուշը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և կփակցվի, դեռ տպարանում են»:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 25-ի նիստում որոշել էր 3 օր ժամանակ տրամադրել ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտումները վերացնելու համար։ ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը հերթական ստույգայցի ժամանակ հունվարի 24-ին արձանագրել էր հատուկ առանձնացված տեղերում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված քարոզչական պաստառների վրա պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկության բացակայության փաստը, մինչդեռ նշված տվյալների առկայությունը Ընտրական օրենսգրքի պահանջն է: Շրջայցի ընթացքում հայտնաբերվել են նաև նույն թեկնածուի քարոզչական պաստառները ԸՕ-ով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր:

Տեսանյութեր

Լրահոս