Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին Աբովյանում 90 տոկոս ձայն է խոստացել. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարբեր պաշտոնյաների կողմից նախագահ Սերժ Աարգսյանին սատարելու մասին հայտարարությունների շրջանակում տեղեկություններ տարածվեցին, թե այդ մասին ներքին հրահանգներ է տվել նաև այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Վերջերս նաև մամուլում հրապարակում եղավ, թե Գ. Ծառուկյանը նախագահի նստավայրում հանդիպել է Ս. Սարգսյանի հետ ու նրան իր աջակցությունն է հայտնել։ Իսկ Աբովյան քաղաքում, ասում են, որ նա կողմնակիցներին պատվիրել է այդ տարածքից Ս. Սարգսյանի համար 90 տոկոս ձայն ապահովել։ Ավելին` պարտավորվել է այդ տարածքի նախընտրական ծախսերն անձամբ հոգալ։

Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապևտ է Գ. Ծառուկյանի փեսան՝ Կարեն Գուլոյանը։ Եվ ընդհանրապես՝ Կոտայքը համարվում է Գ. Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող մարզ։ Այս ընթացքում, երբ ԲՀԿ-ից Ս. Սարգսյանին սատարելու ալիքն ավելանում է, Գ. Ծառուկյանն էլ իր բիզնեսն ու կուսակցությունն ամբողջական պահելու և աշնանային իր նախագահական տրամադրությունների հաղթարշավի մեղքը քավելու համար գոնե առժամանակ պետք է հավատարմություն ցույց տա։ Իսկ այդ հավատարմությունը քաղաքականության մեջ միայն խոսքերով չի ապացուցվում, հատկապես ընտրությունների ժամանակ այն կոնկրետ թվերով է ապացուցվում։ Եվ այժմ Գ. Ծառուկյանը կանգնած է այս խնդրի առջև։

Բայց քանի որ ԲՀԿ-ն և ընդդիմադիր ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն նախագահի թեկնածուներ չեն առաջադրել ու որևէ մեկին էլ չեն պաշտպանում, որովհետև արդեն նախատրամադրվածություն կա, թե Ս. Սարգսյանը վերընտրվելու է, այս ընտրությունների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը նվազել է։

Բնականաբար, նշված ուժերի ընտրողներին ու համակիրներին դժվար կլինի քվեարկության տանել։ Ավելին, որոշ տեղեկությունների համաձայն՝ այս ուժերը, հատկապես ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են իրենց ընտրողներին ներքին կարգով ետ պահել ընտրություններին մասնակցելուց։ Այդպիսով նրանք փորձում են հնարավորինս խոչընդոտել ընտրություններին գոնե միջին մասնակցության ապահովումը։

Եվ իսկապես այս ընտրությունները հենց այդ խնդրով էլ առանձնանում են, և իշխանությունների ու ՀՀԿ-ի համար շատ դժվար կլինի ոչ միայն Ս. Սարգսյանի համար ձայներ ապահովելը, այլև ընդհանրապես ընտրող ապահովելը։ Իսկ եթե այս ընտրություններին ընտրողների քանակը շատ պակաս եղավ, ապա դա ընտրվող նախագահի համար լեգիտիմության խնդիր կառաջացնի։ Իսկ ընդդիմության ու հասարակության համար այդ անտարբերությունը հետագայում կարող է վերածվել հասարակական ընդվզման։ Այնպես որ, Գ. Ծառուկյանի կողմից միայն Աբովյանում Ս. Սարգսյանին 90 տոկոս ձայն ապահովելը շատ քիչ կլինի ցանկալի մասնակցություն ապահովելու համար։ Այս և այլ հարցերի շուրջ «Ժամանակը» զրուցեց Աբովյանում ՀԱԿ կառույցի ղեկավար Գրիգոր Ոսկերչյանի հետ։

Պարոն Ոսկերչյան, ՀԱԿը Աբովյանում նախընտրական որևէ գործառույթ իրականացնո՞ւմ է։

-Քանի որ ընտրությունների հետ կապված որոշում ունենք, մենք ընդամենը սահմանափակվելու ենք տեղամասերում հանձնաժողովներին ունեցած մասնակցությամբ։ Դա մի գործառույթ է, որն իր մեջ ուղղություն չի պարունակում։

ՀԱԿը թեև նախագահի թեկնածու չի առաջադրել, բայց իր ընտրողներին ու համակիրներին չի՞  ուղղորդելու, թե ում ընտրեն, կամ ընդհանրապես ընտրություններին մասնակցենթե ոչ։

-Առայժ նման մոտեցում չկա։ Ես ունեմ իմ անձնական մոտեցումը և կարծում եմ, որ ինձ համար չմասնակցելն ավելի ընդունելի է։ Կարող է այդ տրամադրությունը փոխանցեմ մեր տղաներին, բայց դա չի լինելու հայտարարությամբ հանդես գալու կամ կոչերի միջոցով։

Իսկ ինչո՞ւ եք որոշել ընտրություններին չմասնակցել։

-Որքան ավելի քիչ մասնակցեն ընտրություններին, հետաքրքրությունը պակաս լինի, այնքան մեծ հույս ունեմ, որ հաջորդ ալիքն ավելի բարձր կլինի։ Ես այդպես եմ մտածում, սա քննարկման առարկա չի դարձել ՀԱԿ-ում կամ մեր կառույցում։ Ես կարծում եմ, որ որքան մեծ է լինում ապատիան, այդքան մեծ է հետագա շրջանում դժգոհության ալիք բարձրանալու հավանականությունը։ Ես չգիտեմ, թե հաջորդ ալիքն ովքեր կամ ինչ ուժեր են բարձրացնելու, բայց համոզված եմ, որ այս էտապն այդպիսին է, և պետք է օժանդակել, որ ցածր մակարդակի վրա լինի մասնակցությունը։ Իսկ եթե օժանդակենք մասնակցությանը և ձևացնենք, որ այդ աբսուրդը շատ չլինի, կարծում եմ, դրանով կվնասենք հետագա ալիքը, որը միգուցե փոփոխությունների հույսեր կտա։

Բայց չէ՞  որ կարծիք կա, թե հանրապետությունից բացակայող կամ պարզապես ընտրություններին չմասնակցող մարդու փոխարեն կարող են քվեարկել։ Այս դեպքում Դուք կնպաստեք ընտրակեղծիքներին։

-Այո, ես ցանկանում եմ նպաստել (ծիծաղում է)։ Ախր այնքան ծիծաղևի վիճակ է, որ արդեն չեմ ուզում այդ թեմայով լուրջ խոսել։

Հրանտ Բագրատյանի՞ն էլ չեք ընտրի։

-Բոլոր թեկնածուների մեջ իմ անձնական համակրանքը Հ. Բագրատյանի նկատմամբ է, բայց դա չի փոխում իմ քաղաքական մոտեցումը։ Ես անձամբ ընտրություններին չեմ մասնակցի։

Իսկ նախընտրական քարոզչությունն ինչպե՞ս էը նթանում Աբովյանում, հատկապես որ նախատրամադրվածություն կա, թե Ս. Սարրգսյանը վերընտրվելու է։ Այնտեղ կա ԲՀԿի ուժեղ կառույց, և կարծիք կա, որ այդ կառույցն աշխատելու է Ս. Սարգսյանի համար։

-Ես միայն տպավորություն ունեմ, որ Աբովյանում ամեն ինչ ինքնահոսի է թողնված։ Եվ նույնիսկ առերևույթ կատարվող ինչ–ինչ բաներ էական նշանակություն չեն ունենա։ Գործին կպած ուժեր չեմ տեսնում՝ նույնիսկ ՀՀԿ-ականների կողմից ջիգյարով գործին կպնել չեմ տեսնում։ Կարծում եմ՝ նախապես գոյություն ունեցող տրամադրվածությունը, թե ամեն ինչ որոշված է, ազդում է բոլորի, ինչպես նաև ՀՀԿ-ի վրա։ Մանավանդ, երբ բոլորը հասկանում են, որ իրական երկընտրանք գոյություն չունի։ Խնդիրն այն չէ, որ Հ. Բագրատյանը լավ ծրագիր է ներկայացրել, կամ Րաֆֆին մեկ այլ բան է անում, մարդիկ ասում են, որ, միևնույն է, իրենց մասնակցությունը որևէ բան չի փոխելու։ Այս տրամադրությունը գերիշխում է, և դա ապատիա է առաջացնում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս