Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 28 տարեկան. մամուլ
«Այսօր 2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ծննդյան օրն է՝ 28-ամյակը։ Տիգրանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը ասաց, որ այս օրը իրենք հարազատներով կանցկացնեն Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող նրա գերեզման այցելելով»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Մայրն ասաց, որ իրենք ծաղիկներ կդնեն շիրիմին, կսգան, բայց տուն կվերադառնան հպարտության զգացումով, որ նա՝ ՀՀ ազնիվ քաղաքացին, կյանքից զրկվեց, քանի որ չցանկացավ հաշտվել անարդարության հետ, չընդունեց 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները և զոհվեց այդ մասին բարձրաձայնելիս։
Մայրը հերթական անգամ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ քրեական գործերում որևէ առաջընթաց չկա. «Մենք մեր պայքարը շարունակում ենք, մենք մեր պայքարի տերն ենք, ով ուզում է գա իշխանության, ով ուզում է գնա, իմ ուղին մեկն է՝ պայքար, մինչև պատժվեն մեր որդիների վրա կրակելու հրաման արձակողները»,- ասաց տիկին Հովհաննիսյանը»։