«Արմանս է վերածնվել». 44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած ծնողները որդի են ունեցել, ծննդատնից նրանք ուղևորվեցին «Եռաբլուր»
2020 թվականի 44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 20-ամյա Արմանին կորցրած Ազատյանները որդի են ունեցել։ Երեխային ծնողներն անվանակոչել են իրենց հերոս որդու անունով՝ Արման։
Հիվանդանոցի բակում նորածնին դիմավորելու էին եկել Ազատյանների հարազատներն ու ընկերները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։
«Խոսքեր չկան ասելու։ Ուրախություն, հպարտություն, լույս․․․»,- հուզմունքը մի կերպ հաղթահարելով ասաց նորածնի մայրը՝ տիկին Իրինան։
Երեխայի հայրը՝ Վիգեն Ազատյանը, ևս չկարողացավ երկար խոսել․
«Ծիծաղը՝ լացով, լացը՝ ծիծաղով․ այդ վիճակն է ինձ մոտ։ Հիմա գրկել եմ տղայիս ու Արմանիս եմ զգում։ Արմանս․․․»։
Հիվանդանոցի բակից նրանք ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ նորածին Արմանին հերոս եղբոր հետ ծանոթացնելու։
Արդեն «Եռաբլուրում» Վիեգեն Ազատյանն ասաց, որ իր համար շատ կարևոր էր նորածին որդու այնտեղ գնալը․
«Պետք է գար, իր ախպորը, ախպերներին տեսներ․․․ Ես վստահ եմ, որ Արմանս է վերածնվել, բայց անկախ ամեն ինչից՝ երկնքից ուրիշ ձև էր երևում բլուրը, գետնի վրայից՝ ուրիշ։ Գա, հասկանա, որ ինքը պատասխան ունի ստանալու․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում