Ինչո՞ւ թեև Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, բայց Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց

ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից:
Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

1. Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 486 2-րդ մաս, 2-րդ կետ.

Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով:

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Գագիկ Ջհանգիրյանը նաև հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի և անդամի պարտականություններից, ըստ ԲԴԽ-ի լրատվական ծառայության՝ պայմանավորված առողջական խնդիրներով:

Այս վարույթի նախաձեռնումն առնվազն տարօրինակ է, որովհետև թվում էր, թե Գագիկ Ջհանգիրյանի մասին հրաժարականի դիմումից հետո կմոռանան:

Միգուցե սրա պատճառն այն է, որ ինչպես 168.am-ը տեղեկացրել էր, Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության ամբողջական տարբերակի մեջ Գագիկ Ջհանգիրյանը նաև ոչ հաճելի արտահայտություններ է անում Նիկոլ Փաշինյանի հասցեին, խոսում ալկոհոլի նկատմամբ նրա՝ անտարբեր չլինելու և անհավասարակշիռ վարքագծի մասին:

Տեսանյութեր

Լրահոս