Գրիշը «Բելաջիո» ռեստորանի հետ կապ չունի շատ վաղուց. մամուլ
«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Օրերս ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, հարցազրույց է տվել, որի շրջանակներում պատասխանելով լրագրողի հարցին, թե իր մականունը իրեն կյանքում օգնե՞լ, թե՞ խանգարել է, ասել է. «Դա ինձ ոչ օգնել, ոչ խանգարել է, դա մեր ընտանիքի սեփականության անվանումն է։ Ես դրանով եմ ապրում, դա իմ եկամտի աղբյուրն է։ Չեմ կարծում, որ մարդու եկամտի աղբյուրը իրեն խանգարի։ Դա իմ եկամտի աղբյուրի անունն է, բրենդն է, իմն է և ասում են Բելաջոյի տեր Գրիշն է : Ի՞նչ կա ըտեղ»։
Իրականում Գրիգորի Մարգարյանը որևէ առնչություն չունի «Բելաջիո» ռեստորանային համալիրի հետ։ Տարիներ առաջ նա զրկվել է «Բելաջիո» ռեստորանի բերած եկամուտներից, ավելի որոշակի՝ ռեստորանի սեփականատերերը չեն ցանկացել այլևս աշխատել Գրիգորի Մարգարյանի հետ և նրան պարզապես հեռացրել են իրենց շարքերից։ Ի՞նչն է եղել պատճառը՝ գիտեն Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ինչպես նաև քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել Մարգարյանի՝ իր անձի հետ կապված որոշումներից մեկը, և ռեստորանի սեփականատերերը պարզապես որոշել են պատժել նրան իր որոշման համար՝ զրկելով ռեստորանի բերած եկամուտներից։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ Մարգարյանը շարունակում է հայտարարել, որ առնչություն ունի այդ ռեստորանի հետ, ավելին՝ պնդում է, որ դա ընտանեկան բիզնես է, և ինքն էլ մասնակցում է այդ բիզնեսի կազմակերպմանը։
Միանգամից փաստենք` պատգամավորը ստում է` ցանկանալով մնալ «Բելաջոյի» տեր Գրիշն է» կարգավիճակում։ Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է. Գրիշը «Բելաջիո» ռեստորանի տերը չէ շատ վաղուց։ Ավելին՝ ռեստորանի սեփականատերերից որևէ մեկն այսօր անգամ մարդկային պարզ շփում չունի Մարգարյանի հետ։
Ավելացնենր, որ Գրիգորյանն այն ԲՀԿ-ականներից է, որը բացահայտ հայտարարել է, թե քարոզելու է Սերժ Սարգսյանի համար։ Մեզ մնում է ավելացնել՝ ինչքան շատ Գրիշի նմանները քարոզեն Սերժ Սարգսյանի համար, այնքան կպակասի Սերժ Սարգսյանի առանց այդ էլ փոքրաթիվ ընտրողների բանակը»։