Բաժիններ՝

Որոշումը մտավ ուժի մեջ. թիկնապահները կվերապատրաստվեն

Հունվարի 26-ից ուժի մեջ են ՀՀ կառավարության 2012թ.-ի դեկտեմբերի 27-ի որոշումներով սահմանված` թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման և որակավորման ստուգման կարգերը:

Ըստ Թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման կարգի, վերապատրաստում են անցնում առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ: Այն անցկացվում է տեսական դասընթացների, փորձի փոխանակման, սեմինար պարապմունքների, այդ թվում` մասնագիտական հմտությունների գործնական ցուցադրման ձևերով:

Վերապատրաստումն իրականացնում են իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները` պահնորդական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունեցող կազմակերպության հետ կնքվող պայմանագրի հիման վրա:

Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդից անհարգելի բացակայած անձին վկայական չի տրվում։ Հարգելի բացակայության դեպքում անձին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ծրագրի` նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգով սահմանված է,
որ ստուգումն անցկացնում է նրանց որակավորման ստուգման հանձնաժողովը: Վերջինիս կազմավորման կարգը և կանոնադրությունը հաստատվում են ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով` քննական հարցատոմսերի միջոցով: Մասնագիտական ուսուցման ընթացքում ստացած տեսական գիտելիքների և գործնական առաջադրանքներ լուծելու հմտությունների ստուգման նպատակով յուրաքանչյուր քննական հարցատոմսի մեջ ներառվում են երկու տեսական հարց և մեկ գործնական առաջադրանք:

Հանձնաժողովը որակավորման ստուգման դրական գնահատականների հիման վրա ընդունում է թեկնածուներին որակավորման ստուգման վկայականներ տալու մասին որոշում: Վկայականը տրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Թեկնածուն որակավորման ստուգման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին և դատական կարգով:

Որակավորման ստուգումից բացասական գնահատական ստացած թեկնածուն կարող է հաջորդ որակավորման ստուգմանը մասնակցել վերջին անգամ որակավորման ստուգմանը մասնակցելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս