«Ժողովուրդ» օրաթերթը կանգնած է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի, հարազատ փեսայի ու քավորի կոկորդներին. մամուլ
««Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը մեծ արձագանք է ստացել մեր գործընկերների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների շրջանում, արդյունքում՝ նրանցից շատերը (Աժ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը) հանդես են եկել նախաձեռնություններով՝ պահանջելով մեր թերթի դեմ հայց ներկայացրած Խաչիկ Խաչատրյանից՝ Ձվերի Խաչիկից, հետ վերցնել հայցադիմումը, իսկ վարչական դատարանից՝ հանել «Ժողովուրդի» ու լրագրող Սոնա Գրիգորյանի ունեցվածքի վրա դրված 3 մլն դրամանոց արգելանքը։
«Ժողովուրդի» ընթերցողների ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվեց պարզել նաև, թե ովքեր են կանգնած իր արժանապատվությունը 3 մլն դրամ գնահատած Խաչիկ Խաչատրյանի թիկունքում։ Պարզվում է՝նրա հովանավորներն են՝ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ), Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Ս. Սարգսյանի առաջին փեսա Միքայել Մինասյանը։ Հասկանալի է, որ այս երեք անձինք Խ. Խաչատրյանի միջոցով փորձում են նախընտրական շրջանում անել ամեն ինչ՝ «Ժողովուրդ» օրաթերթը փակելու համար։ Ասել է թե՝ «Ժողովուրդ» օրաթերթը կանգնած է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի, հարազատ փեսայի ու քավորի կոկորդներին։ Բայց շտապենք հիասթափեցնել՝ «Ժողովուրդը» կշարունակի աշխատել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։