Դատապարտյալներն անարգել զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ
Ծանոթանալով տարբեր քրեական գործերում արձանագրված փաստերին, չենք կարող չտարակուսել որոշ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից դեռևս անբավարար հսկողության, ինչպես նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի կողմից ղեկավարվող ԱՆ քրեակատարողական վարչության կողմից անբավարար վերահսկողության առնչությամբ:
Ճիշտ է, կալանավայրերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ որոշակի աշխատանք քրեակատարողական հիմնարկների համապատասխան աշխատակիցների կողմից կատարվել ու կատարվում է, բայց փաստը նաև այն է, որ շատ դատապարտյալներ, այնտեղ նստած, թմրամիջոցներ են պատվիրել, ստացել, ավելին` կալանավայրից նույնիսկ զբաղվել թմրամիջոցների վերավաճառքով: Չկա որևէ երաշխիք, որ ազատազրկման դատապարտվածներից ոմանք այս պահին էլ չեն զբաղվում նույն գործով, ինչը թերեւս առանց քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների գործուն աջակցության դժվար է պատկերացնել: Գուցե լինում են բացառություններ, երբ փորձ արվում է շրջանցել քրեակատարողականների աշխատակիցներին, ինչն էլ անմիջապես պատժվում է, այլ խոսքով բացահայտվում է, որի շնորհիվ էլ փորձ է արվում ապահովել կալանավայրերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ինչ-որ ցուցանիշ:
Մեղադրական եզրակացության համաձայն` Խաչիկ Բաբայանը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, տեղեկանալով իր ծանոթ Արթուր Խաչատուրյանի մոտ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող SUBUTEX («սուբուտեքս») տեսակի դեղահաբերի առկայության մասին, մոտ 0,008 գրամ «բուպրենորֆին» պարունակող մեկ դեղահաբը 20 000 ՀՀ դրամով իրացնելու նպատակով, նշված դեղահաբերը գնելու վերաբերյալ հեռախոսով պայմանավորվել է վերջինիս հետ:
Այնուհետև Խ. Բաբայանը, թմրամիջոցների գնորդ անձանց հետ, պայմանավորվածության համաձայն, «Կոշ» ՔԿՀ-ից նրանց հեռախոսակապով Արթուր Խաչատուրյանի հետ տարբեր վայրերում հանդիպման ուղղորդելու միջոցով 2010 թ. հոկտեմբերից մինչև 2011թ. մայիսի 24-ը ժամանակահատվածում վերավաճառելու եղանակով ինչպես Ալբերտ Հովհաննիսյանին, այնպես էլ գործով տարբեր անձանց իրացրել է Արթուր Խաչատուրյանից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափի՝ մոտ 0,8 գրամ «բուպրենորֆին» պարունակող մոտ 100 հատ «սուբուտեքս» տեսակի դեղահաբ։ Խ. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Մեկ այլ քրեական գործով, որն այժմ քննվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալի աթոռին են հայտնվել միանգամից յոթ հոգի` Արամ Սաժումյանը, Հրաչյա Գրիգորյանը, Աշոտ Հովակիմյանը,Սամվել Դեմիրճյանը, Գայանե Խուգոյանը, Հմայակ Մանուկյանը և Լևոն Բաբայանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արամ Սաժումյանն իր ծանոթ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Հմայակ Մանուկյանի կողմից իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն և դրանք իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ 2012թ. մարտ ամսվա տարբեր օրերի (3 դեպքով) վերջինիս հետ հեռախոսակապով ունեցած պայմանավորվածության համաձայն, նրա մատնանշած անձանցից ստացված գումարներով ապօրինի ձեռք է բերել յուրաքնչյուր անգամ խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող հաբեր: Դրանցից զգալի չափի թմրամիջոցը օգտագործել է անձամբ, իսկ մնացած խոշոր չափերի քանակությունները Հմայակ Մանուկյանի ցուցումով փոխանցել ինչպես վերջինիս, այնպես էլ իր ծանոթ Լևոն Բաբայանին:
Մեղադրական եզրակացության համաձայն` Հրաչյա Գրիգորյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Սամվել Դեմիրճյանի խնդրանքով նույն հիմնարկում պատիժ կրող Հմայակ Մանուկյանի կողմից առանց իրացնելու նպատակի (գործածման համար) «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբի 1 հատը 25 000 դրամով ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր հարևան Աշոտ Հովակիմյանի հետ: Այնուհետև տեղեկանալով Հմայակ Մանուկյանի կողմից 7 դեղահաբ ձեռք բերելու ցանկությանը, 2012 թ. մարտին Աշոտ Հովակիմյանի ծանոթ Գայանե Խուգոյանից 1 հաբը 15 000 դրամով գնելու և գումարը հետագայում վճարելու պայմանով, ապօրինի ձեռք են բերել խոշոր չափի` մոտ 0,056 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 7 հաբ: Նրանք նշված հաբերը գնորդին փոխանցելու նպատակով Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող «Ռադիոտեխնիկա» խանութի աստիճանների մոտ, քարի տակ թաքցրել են հաբերը և օժանդակել Հմայակ Մանուկյանի կողմից հիշյալ թմրամիջոցի ձեռքբերմանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ քննվող մեկ այլ քրեական գործով Ռուբիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թ. ապրիլի 23-ին վերոնշյալ դատարանի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար 7 տարի ազատազրկման դատապարտվելուց հետո, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում որոշել Է շարունակել զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:
Մասնավորապես պարզվել է, որ Ռուբիկ Մարտիրոսյանն իր հետ միևնույն քր. գործով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված, ՀՀ ԱՆ ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հովհաննես Միշայի Գևորզյանի միջոցով վերջինիս ծանոթ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ոմն Բեյնամից թմրամիջոցներ ձեռք բերելու, դրանք մաքսանենգությամբ ՀՀ ներկրելու և իրացնելու հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, հեռախոսակապով նախնական համաձայնության է եկել Հովհաննես Միշայի Գևորզյանի, իսկ դրանք տարբեր անձանց վաճառելա շուրջ եղբոր` Ռոմիկ Գառնիկի Մարտիրոսյանի հետ: Դրանով նա ընդգրկվել Է Հովհաննես Գևորզյանի ձևավորած կայուն կազմակերպված խմբում:
Ալբերտ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված լինելով, պատիժը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» Քկ հիմնարկում կրելու ընթացքում որոշել է շարունակել զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հեռախոսակապով ծանոթացել և պայմանավորվածություն է ձեռք բերել քրոջ փաստացի ամուսնու` տաքսի ծառայություններ իրականացնող Զոհրակ Հենրիկի Խաչատրյանի հետ՝ որոշակի վարձատրության դիմաց նրան պատկանող «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ձեռքբերման ու դրանք իրացնելու գործում իրեն օժանդակելու վերաբերյալ։
Յուրաքանչյուր դեպքում թմրամիջոցներ իրացնող և դրանց գնորդ անձանց հետ նախապես և անձամբ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Ալբերտ Հովհաննիսյանը Զոհրակ Խաչատրյանին հեռախոսակապով ուղղորդել է հանցակիցների հետ հանդիպման վայրեր։
Տիգրան Նալթակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. փետրվարի 25-ին իր ծանոթ՝ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարոդական հիմնարկությունում պատիժը կրող դատապարտյալ ոմն Արթուրի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկանալով վերջինիս կողմից գործածման նպատակով առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մտադրության մասին, ընդառաջել է նրա խնդրանքին՝ թմրամիջոցն իրացնողի հետ հանդիպելու, այն ստանալու և Արթուրին փոխանցելու վերաբերյալ:
Վազգեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտագործման համար «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով, 2011թ. փետրվարի կեսերին հեռախոսակապ է հաստատել թմրամիջոցների առքուվաճառք իրականացնող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված և ՀՀ ԱՆ «Գորիս» Քկ հիմնարկում պատիժը կրող իր ծանոթ Ռուբիկ Մարտիրոսյանի հետ: Այնուհետև պայմանավորվել է Երևան քաղաքում հանդիպել վերջինիս եղբորը` Ռոմիկ Մարտիրոսյանին եւ նրանից 170 000 դրամի դիմաց առանց իրացնելու նպատակի (իր գործածման համար) ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի ՝ 12 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց։
Ընդգծենք, որ այսպիսի դեպքերն ու քրեական գործերը բազմաթիվ են, բայց բոլորը ներկայացնել հնարավոր չէ և իմաստ էլ չունի: Եղածն էլ, կարծում ենք, բավարար է, ամրագրելու, որ քրեակատարողական հիմնարկների պատերն ամենեւին էլ չեն խանգարում դատապարտյալներին զբաղվելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ` թե ձեռք բերելու եւ թե իրացնելու առումով: Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են:
Արթուր Հովհաննիսյան
«Փաստինֆո»