Մեղադրվում է պոռնկագրական նյութեր տարածելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Կ. Մնացականյանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրին, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2012թ. հունվարից Կ. Մնացականյանը vk.com կայքում իր անվամբ գրանցել է անհատական էջ և այն օգտագործել` սեռական ուղղվածություն ունեցող թեմաների շուրջ տարբեր անձանց հետ հաղորդակցվելու նպատակով: Հաղորդակցումն առավել նպատակային դարձնելու, շփման հետաքրքրություն առաջացնելու և շփման եզրեր գտնելու համար իր էջ է ներբեռնել թվով 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակներ:

Տարածելու դիտավորությամբ Կ. Մնացականյանը դրանք ցուցադրել է իր անհատական էջ այցելող անձանց: Արդյունքում նրա էջ այցելողները հնարավորություն են ունեցել տեսնել, ցանկության դեպքում դիտել այդ նյութերը և իրենց հերթին դրանք տեղափոխել իրենց անհատական էջեր: Նույն կերպ Կ. Մնացականյանն իր անհատական էջում ներկայացրել է նաև մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տեսանյութեր

Լրահոս