Միացյալ կոմկուսն անպայման կկողմնորոշի իր համակիրներին
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունն առաջիկայում կհայտարարի, թե նախագահի թեկնածուներից ում է սատարելու: Մինչ այդ կուսակցությունը պետք է հանդիպումներ ունենա նախագահի՝ հաղթելու առավել մեծ հնարավորություն ունեցող թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
«Մեր կուսակցության կայացած 6-րդ, իսկ իրականում 38-րդ համագումարում մենք ընդունել ենք որոշում հանդիպել նախագահի անցողիկ թեկնածուների հետ, լսել նրանց ծրագրերը և ըստ այդ ծրագրերի՝ կողմնորոշել մեր ընտրազանգվածին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով, եթե այլ թեկնածուներ կցանկանան իրենց հետ հանդիպել, իրենք դեմ չեն լինի: Վազգեն Սաֆարյանն անընդունելի է համարում այն քաղաքական այն ուժերի պահվածքը, որոնք չեզոքություն են պահպանում: Նա կարծում է, որ անգամ սեփական թեկնածու չունենալու դեպքում պետք է հանդես գալ կոչով և կողմնորոշել ընտրողներին:
«Այն կուսակցությունները, որոնք իրենց ընտրազանգվածին կոչ են անում չմասնակցել ընտրություններին, բոյկոտել, մենք սա դիտարկում ենք որպես պասիվ քաղաքական պայքար, որի արդյունքում մենք կարող ենք վտանգել մեր երկրի իմիջը»,-նշեց Վազգեն Սաֆարյանը: Այդ առումով՝ նա բացառեց այն սցենարը, որ միացյալ առաջադիմական կոմկուսը մինչև ընտրությունների օրը չուղղորդի իր ընտրողներին: Դիտարկմանն ի պատասխան, թե արդյոք հակված չե՞ք պաշպանել գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով, որ դրական քայլեր նրա կողմից կուսակցությունը նկատում է, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց, որ ոչինչ դեռ որոշված չէ: Վ. Սաֆարյանը նշեց, որ թեկնածուներից ոչ մեկը գաղափարական ընդհանրություն չունի իրենց կուսակցության հետ, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ընտրողներին կողմնորոշելու առումով:
«Մեզ համար գաղափարական իմաստով նախընտրելի թեկնածու չկա, բայց դա չի նշանակում, որ այս հանգամանքը կարող է մեզ պասիվ վիճակում թողնել, և մենք չկողմնորոշվենք: Մենք չենք կարող մեր ժողովրդի և մեր սեփական ճակատագրի նկատմամբ առաջիկա հինգ տարիներին մնալ անհաղորդ»,-նշեց Վազգեն Սաֆարյանը:
168.am-ի այն հարցին, թե այս կամ թեկնածուն ի՞նչ ձևով պետք է զգա Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության աջակցությունը, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Աջակցության ձևերը տարբեր են, կարող ենք հայտարարություն անել, որով մեր կուսակիցները կարող են կողմնորոշվել: Սա մի տարբերակ է: Մյուս տարբերակը կլինի այսպես՝ մեր կուսակիցներին կհորդորենք աշխատել թեկնածուների շտաբներում: Աջակցության ձևերը տարբեր են»։ Նա ավելացրեց, որ կուսակցությունը նախկինում ավելի շատ անդամներ ուներ, սակայն արտագաղթի պատճառով նրանց թիվը նվազել է հասել 3227-ի։