Պայքար, պայքար՝ մինչև Սերժ

Այն մասին, որ մոտ երեք շաբաթ հետո Հայաստանում կայանալու են նախագահական ընտրություններ, հիշեցնում են միայն փողոցների մեծադիր պաստառներն ու թեկնածուների հեռուստատեսային հոլովակները: Ընտրությունների, այսպես ասած, «շունչ» հասարակության մեջ չկա: Հասարակության ակտիվ հատվածը, որը մշտապես եղել է ընտրական գործընթացի մասնակիցը, այս անգամ ուղղակի բացակայում է: Խոսքը ոչ թե անմիջականորեն բուն ընտրական գործընթացին մասնակցության մասին է, այլ այն մթնոլորտի, այն հոգեբանական վիճակի մասին, որով Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիները մշտապես վերաբերվել են ընտրություններին:

Հարգելով ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուներին, իրատեսությունը պահանջում է արձանագրել, որ 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունները պարտված, տանուլ տրված ընտրություններ են: Եվ ոչ միայն այն իմաստով, որ իշխանության թեկնածուն` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, վերընտրվելու շատ ավելի հեշտ հնարավորություն է ստացել:
Այս ընտրությունները պարտված ընտրություններ են, որովհետև դրանցում բացակայում է հույսը, ակնկալիքը` նորի, փոփոխությունների, ավելի լավ երկիր ունենալու սպասումը: Այդ հարցում ընտրություններին առաջադրված թեկնածուները գուցե մեղքի ամենափոքր չափաբաժինն ունեն:  Թե՛ Հրանտ Բագրատյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, անգամ Պարույր Հայրիկյանը տարբեր ընտրություններում պաշտպանել են այլ թեկնածուների: Իրենց ընդդիմադիր համարող ուժերը, սակայն, իշխանության վերարտադրությունը գերադասեցին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի, թեկուզ՝ դժվարին թվացող, սակայն համախմբման դեպքում՝ ոչ անիրական հաղթանակին: Լևոն Տեր-Պետրոսյանը, Դաշնակցության կարկառուն ղեկավարները, Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, իրենց գործողություններով խաչ քաշեցին Սերժ Սարգսյանից բացի՝ որևէ այլ թեկնածուի հաղթանակի հնարավորության վրա:
Բայց ամենացավալին  այն է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը լինելու է ոչ թե նրա մրցակից թեկնածուների, այլ հասարակության պարտությունը: Այն հասարակության, որը, գուցե կոպիտ հնչի, բայց անտեր է մնացել իրենց առաջնորդ համարող գործիչների ճղճիմ վարքագծի պատճառով: Այս իրավիճակի համար մեղադրել իշխանությանը, մեղմ ասած, ազնիվ չի լինի: Քանի որ իշխանությունը` իր բոլոր ապօրինություններով, հակասահմանադրականությամբ և այլ արատներով հանդերձ, լավագույն դեպքում՝ միայն Գագիկ Ծառուկյանին կարող էր ստիպել հրաժարվել առաջադրվելու մտադրությունից: Դժվար է հավատալ, որ իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին կարող էր ստիպել չառաջադրվել, չառաջադրվելուց հետո էլ` չպաշտպանել իր թիմակից Հրանտ Բագրատյանին:
Եվ նրանում, որ Սերժ Սարգսյանի հնարավոր հաղթանակը լինելու է հասարակության պարտությունը, մեղավոր է ոչ միայն Ս. Սարգսյանը: Այն պարզ պատճառով, որ, եթե նա ունենար այնպիսի մրցակից, ինչպես 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն էր, կամ ինչպիսին էր վերջինիս համար 1996 թվականին Վազգեն Մանուկյանը, ստիպված էր լինելու քարոզարշավի գնալ ոչ թե սենտիմենտալ երգերով, այլ բարեփոխումների ծրագրով, որը, անգամ կեղծիքներով ընտրվելու դեպքում՝ որոշակի դրական ազդեցություն կարող էր ունենալ:
Առաջիկայում Հայաստանից արտագաղթի ալիքը, ամենայն հավանականությամբ, մեծանալու է: Դա ո՛չ հոռետեսություն է, ո՛չ չարագուշակություն, ոչ էլ, առավել ևս` էժանագին պոպուլիզմ: Արտագաղթի ալիքը մեծանալու է ոչ այնքան ու ոչ միայն՝ իշխանության, որքան՝ ընդդիմության ապաշնորհության, ընդդիմության` փաստացի չգոյության պատճառով:
Հասարակության ակտիվ, որակյալ հատվածը, ոչ թե սպառող, այլ արարող հատվածը Հայաստանի որևէ իշխանությունից ակնկալիք չի ունեցել: Նորի, փոփոխությունների բոլոր հույսերը կապված են եղել բոլոր ժամանակների ընդդիմության հետ: Յուրաքանչյուր ընտրությունից, ընդդիմության պարտությունից (ոչ թե իշխանության հաղթանակից) հետո այդ մարդկանց որոշակի հատվածն արտագաղթել է Հայաստանից: Բայց արտագաղթի այդ «տեսակը» շատ մեծ տարածում չի ստացել, որովհետև սկսած 1996 թվականից՝ ընդդիմությունից խլվել է հաղթանակը, այդ քաղաքացիները պայքարելու, արդարությունը վերականգնելու ներքին մղում ու հավատ են ունեցել: Սակայն 2013 թվականի ընտրություններում առաջին անգամ իրենց ընդդիմադիր հորջորջած ուժերը հանձնվեցին՝ առանց պայքարելու: Առաջին անգամ նրանք անուղղակիորեն կերտեցին իշխանության հաղթանակը` հասարակությանը զրկելով պայքարելու, հավատալու, ինչ որ բան փոխելու հույսի մարդկային իրավունքից:

Տեսանյութեր

Լրահոս