ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու համար
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը կալանքի տակ է արդեն մի քանի ամիս և մեղադրվում է տարբեր քաղաքացիներից 100-ական դոլար կաշառք պահանջել-ստանալու համար։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հակոբ Հաջի-Հակոբյանը 2008թ. մարտից մինչև 2011 թվականի հուլիսն աշխատել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, իսկ 2011թ. հուլիսից մինչև 2012թ. սեպտեմբերի 9-ը հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ: Ըստ մեղադրական եզրակացության, նա շահադիտական դրդումներից ելնելով, Թուրքիայից Հայաստան վերադարձող և անձը հաստատող փաստաթղթեր չունեցող կամ փաստաթղթերի հետ խնդիրներ ունեցող Հայաստանի քաղաքացիներին 1-2 օրվա ընթացքում վերադարձի վկայական տրամադրելու համար` Վրաստանում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Անժելա Օվանեսյանի և Բաթում քաղաքում բնակվող ՀՀ քաղաքացի Նանե Ղավալբաբունցի միջնորդությամբ և օժանդակությամբ, վերադարձի վկայական հայցող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, որպես կաշառք պահանջել ու ստացել է 100-ական ԱՄՆ դոլարի չափով հավելյալ գումարներ:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Հակոբ Հաջի-Հակոբյանը հիշյալ արարքը կատարել է «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու կարգ»–ի պահանջների խախտմամբ` առանց ՀՀ ԱԳՆ հարցում ուղարկելու և պատասխան ստանալու: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործն արդեն դատարանում է։