Սիրիացի ապստամբներն առաջին անգամ քուրդ մարտիկների դեմ կիրառել են տանկեր
Արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից ոչ հեռու ընկած Ռաս ուլ-Այն քաղաքի մոտ կատաղի մարտեր են ծավալվել քուրդ աշխարհազորայինների ու «Ջեբհատ ան-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») խմբավորման զինված ծայրահեղականների միջև:
Զինյալները, որոնց թվում քիչ չեն Թուրքիայից ժամանած վարձկանները, առաջին անգամ քրդերի ինքնապաշտպանական ջոկատների դեմ կիրառել են իրենց ձեռքի տակ եղած տանկերը: Նրանք փորձել են վերահսկողության տակ առնել ռազմավարական նշանակություն ունեցող այդ բնակավայրը, սակայն քրդերը կարողացել են հետ մղել բոլոր հարձակումները: Քրդական այլ շրջաններից Ռաս ուլ-Այն են տեղափոխվում քրդական համալրումներ: