«Սիրիահայերը Հայաստան են անցել Թուրքիայով». Թուրքիայի ԱԳՆ
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Սելչուք Ունալը հայտարարել է, որ սիրիահայերի մի մասը Հայաստան է մեկնել՝ օգտագործելով Թուրքիայի տարածքը: Ունալն այդ կերպ է մեկնաբանել Սպիտակ տան կայքում կազմակերպված ստորագրահավաքը, որում Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում բացել հայ-թուրքական սահմանը՝ առնվազն սիրիահայերի արտագաղթի համար.
«Տուժյալ Սիրիային օգնություն ցուցաբերելու ժամանակ Թուրքիան կրոնական, էթնիկ ու ազգային պատկանելության տարբերություն չի դնում: Թուրքիան ինքն է որոշում այս կամ այն տուժած անձանց հումանիտար օգնության հատկացման մասշտաբը, ձևն ու պայմանները: Թուրքիայի տարածքում է գտնվում ավելի քան 150.000 սիրիացի փախստական»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների ու դրանց հետևանքների կանխման վարչությունը (AFAD) հայտարարել էր, որ որևէ անհրաժեշտություն «չկա», որ սիրիահայերը Թուրքիայի տարածքով անցնեն Հայաստան, և այդ նպատակով հայ-թուրքական սահմանի բացումն այսօր «անհնար» է: