Թուրքական ընդդիմությունը «Հանուն արդարության» խորագրով հանրահավաքներ է անցկացնելու երկրի բոլոր նահանգներում
Mk-turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) պլանավորել է մոտ ժամանակներս Թուրքիայի բոլոր նահանգներում կազմակեպել «Հանուն արդարության» խորագրով հանրահավաքներ: Այս մասին հայտարարել է ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը:
Վերջինիս խոսքերով՝ այդ հանրահավաքներից առաջինը պետք է տեղի ունենա հունվարի 26-ին, Ադանայում: Հանրահավաքներն անցկացվելու են «Անհապաղ ժողովրդավարություն», «Անհապաղ արդարություն» կարգախոսների ներքո: Թեզջանի խոսքերով՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործադրած ջանքերի հետևանքով երկրում կանոնավոր կերպ խաթարվում է ժողովրդավարությունը, իսկ դատական իշխանությունները հայտնվել են քաղաքական ուժերի վերահսկողության ներքո:
Թեզջանն ընդգծել է, որ Թուրքիայում տևական ազատազրկման մեջ են գտնվում պատգամավորներ, զինվորականներ, լրագրողներ, ուսանողներ ու գիտնականներ, և որ խաթարված է արդարադատության հանդեպ հասարակության հավատը:
Թեզջանն արդարության ձգտող բոլոր մարդկանց կոչ է արել մասնակցել հանրահավաքներին՝առանց քաղաքական հայացքների վրա շեշտադրում անելու: Թեզջանի խոսքերով՝ այդ հանրավաքները որոշակի ընդմիջումներով ու կախված եղանակային պայմաններից անցկացվելու են Թուրքիայի բոլոր նահանգներում:
Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն 1923 թվականի սեպտեմբերի 9-ին հիմնել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: