Դատական իշխանությունը դարձել է քաղաքական բանտարկյալ. Րաֆֆի Հովհաննիսյան
Այս իշխանության օրոք քաղաքական բանտարկյալները հասել են դատական իշխանություն, և սա աննախադեպ է: Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում ասաց նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս այդտեղ էր գտնվում՝ աջակցելու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, ում խափանման միջոցի փոփոխության հարցն է քննվում դատարանում:
«Դատական իշխանությունը դարձել է քաղաքական բանտարկյալ: Այսօր Առուշ Առուշանյանի դատն է, և այս դատավորի ձեռքում է առանցքային հարցը, թե ինչպես է ընթանում քաղաքական բանտարկյալների ընթացքը: Մենք գիտենք, թե անցյալում նա ինչ որոշումներ է կայացրել, և վաղը մենք կիմանանք, թե արդյոք ինքն ունի՞ ճշգրիտ անկախ որոշում կայացնելու անկախությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա պնդեց՝ Առուշ Առուշանյանը քաղաքական բանտարկյալ է:
«Եթե դատախազները փաստեր ունեն, թող ներկայացնեն, եթե ոչ, թող թույլ տան, որ ընտրված քաղաքապետը ծառայի իր համայնքին, և այնպես լինի, որ ՀՀ-ն չունենա հավելյալ քաղբանտարկյալներ»,- ասաց նախկին արտգործնախարարը:
Նա ասաց՝ մեծ ցավ է ապրում, որ ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկածներն են Հայաստանի համար ապահովում քաղբանտարկյալների քանակ:
«Միջազգային հանրությունը, եվրոպական կառույցները միշտ էլ փորձել են աշխատել Հայաստանի հերթափոխ իշխանությունների հետ, փորձել են աշխատել նաև, երբ եղել են ընտրական կեղծիքներ, մարդու իրավունքների խախտումներ տարբեր իշխանությունների հետ: Սա եվրոպական կաոռւյցների երկակի ստանդարտների կիրառման սովորույթն է, բայց իրենց պահվածքն այսօր աննախադեպ է: Պիտի աշխատենք, որ ՀՀ-ում կայանա իրավունքի իշխանություն»,- եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: