Իրանը կարող է ատոմային ռումբ ստեղծել 2014 թվականին. ԱՄՆ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարող է ատոմային ռումբի ստեղծման համար բավականաչափ «ռազմական» ուրան արտադրել մինչև 2014 թվականի կեսերը: Այս մասին նշված է միջուկային զենքի չտարածման գծով ամերիկացի փորձագետների պատրաստած զեկույցում:

154 էջանոց այդ զեկույցում, որը ստացել է «Փոփոխվող Մերձավոր Արևելքի համար չտարածման վերաբերյալ ԱՄՆ ռազմավարություն» անունը, նշված է, որ ելնելով Իրանի միջուկային ծրագրի ընթացիկ շարժման գծից՝ Թեհրանը կարող է ճգնաժամային կետին հասնել 2014 թվականի կեսին:

Փորձագետներն ԱՄՆ-ի իշխանություններին ու նրա դաշնակիցներին կոչ են անում խստացնել Իրանի կառավարության դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ իսլամական հանրապետությունը ընդհուպ մոտեցել է ատոմային ռումբի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ամերիկացի փորձագետները մտավախություն էին հայտնել, թե Սիրիայում առկա 50 տոննա ուրանը կարող է հայտնվել ուրանի կարիք ունեցող Իրանի ձեռքում:

Տեսանյութեր

Լրահոս