Կլինի՞ մոլորակների շքերթ. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ազգային անվտանգություն» անունը կրող կուսակցությունը (իրականում, իհարկե, Գառնիկ Իսագուլյանը, քանի որ դա, անշուշտ, «մարդ-կուսակցությունների» շարքից է) հանդես է եկել հայտարարությամբ, որում տրվում է ներկայիս քաղաքական իրավիճակի հակիրճ բնութագիրը։ Հիմնական թեզերից մեկն այն է, որ ներկայիս ՀՀԿ-ին կարող էր մրցակից լինել ՀԱԿ-ի միտինգային, ԲՀԿ-ի նյութական և Դաշնակցության գաղափարական եռամիասնությունը։
Ձևակերպումը գեղեցիկ է՝ իրոք, եթե նման միասնություն լիներ, առաջիկա ընտրությունները կանցնեին սուր մրցակցության պայմաններում։ Միայն թե այդ միասնության խոչընդոտները ոչ միայն սուբյեկտիվ են՝ այդ կուսակցությունների վերնախավերի անձնական ամբիցիաները, ինչպես նշում է պարոն Իսագուլյանը, այլև` օբյեկտիվ։
Մասնավորապես, ԲՀԿ-ի «նյութականը» նույն աղբյուրն ունի, ինչ որ ՀՀԿ-ինը, հետևաբար երկարաժամկետ կտրվածքով դրանք չեն կարող իրար հակադրվել։ ՀՅԴ-ի «գաղափարականը» չափից դուրս արխայիկ բնույթ է կրում և սերում է 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարից` «սարերից իջած մի խումբ ձիավորով» դժվար է ինտեգրվել ժամանակակից քաղաքական կյանքին, իսկ նրանք, ովքեր «սարերից չեն իջել», նույնքան ցինիկ են, որքան մնացածները։ Ինչ մնում է ՀԱԿ–ին, ապա միտինգային ռեսուրսն էլ մաշվելու հատկություն ունի։ Կոնգրեսի դեպքում այն երկար է պահպանվել, ոչ մի ԱԺՄ կամ Մանուչարյան նույն բովանդակությամբ, հիմնականում` ճիշտ ճառերով (գողեր, ավազակներ, օր առաջ պետք է ազատվել, թե չէ…) չեն կարողացել այդքան երկար պահել «հանդիսատեսին», որքան դա արել է ՀԱԿ-ը։
Բայց կրկնեմ` սխեման, որն առաջարկվում է վերոհիշյալ հայտարարության մեջ` «փող + գաղափար + զանգված» միանգամայն ճիշտ է, միայն այդպես է հնարավոր հանդես գալ արդյունավետ ընդդիմության դերում։ Ամբողջ խնդիրը այս երքի միատեղման մեջ է՝ զանգվածն անտարբեր է գաղափարների նկատմամբ, փողատերերն էլ դրանք լավագույն դեպքում «ավելորդ շքեղություն» են համարում։
Գաղափարներ կրողները, որպես կանոն, ատելությամբ են լցված փողատերերի նկատմամբ և փոքր-ինչ վերևից են նայում զանգվածին։ Գրագետ մարդիկ սովորաբար նյութական միջոցներ չունեն, իսկ հարուստներին հաճախ ավելի հեշտ է լինում հարմարվել գոյություն ունեցող հոռի բարքերին, քան հարվածի տակ դնել իրենց բիզնեսը: Մի խոսքով` այդ երե` գործոնների մեկտեղումը նման է «մոլորակների շքերթի», որը շատ հազվադեպ է պատահում։
Սակայն նման «շքերթի» հասնելը չպիտի լինի միայն ընդդիմության, այսինքն` իշխանության համար պայքարողների խնդիրը։ Դրանով պետք է մտահոգվեն բոլոր նորմալ քաղաքացիները, բոլոր մտածող մարդիկ։ Հենց որ նրանք են սկսում օրակարգ թելադրել քաղաքական վերնախավին, ամեն ինչ տեղն է ընկնում։ Ընդ որում` առանց տեսանելի ցնցումների։