Գրիգոր Մինասյանը համապատասխանում է չափանիշներին. Կարեն Անդրեասյան
«Կարող եմ միայն վկայել, որ իմ և իր, նաև մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գրիգոր Մինասյանին Արդարադատության փոխնախարար նշանակելու մասին որոշմանը՝ ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Դիտարկմանը, որ Գրիգոր Մինասյանը ժամանակին ՀՀԿ-ի կողքին էր, ավելին, Նիկոլ Փաշինյանին հեգնում, ծաղրում և քննադատում էր, բայց այսօր Փաշինյանի կառավարությունում բարձր պաշտոն է զբաղեցնում, բացի այդ, քննարկվում է նաև այն հարցը, որ Մինասյանը ձեր ընկերն է, և նրան բերեցիք ձեզ տեղակալ, նախարար Անդրեասյանն ասաց․
«Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ, և քանի որ Արդարադատության նախարարի տեղակալը, ինչպես նաև բոլոր նախարարների տեղակալները քաղաքական պաշտոն են, դա վկայում է այն մասին և դա՛ է հենց հիմքը, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլև վստահելի մասնագետի, որը քո հետ կիսում է քո գաղափարները։ Այդ իմաստով պարոն Մինասյանը համապատասխանում է չափանիշներին։
Իսկ ճշտող հարցին՝ Գրիգոր Մինասյանը նախկինում ՀՀԿ-ական էր, հիմա փոխվե՞լ են նրա հայացքները, Կարեն Անդրեասյանը պատասխանեց․ «Իրեն կհարցնեք»։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 12-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
Նա Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում