Մի նամակ է շրջում լրատվամիջոցներով…

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է (անձնագրային անունը՝ Էլբեկ Քարամյան):

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը։ Այսինքն՝ Քարամյանի հոգևորական հայրը ամուսնանալով խախտել է ՀԱԵ կանոնները։

Այս լուրը 2019թ. գարնանը շատ տարածվեց, քննարկվեց, սակայն այն ժամանակ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը համառորեն հերքում էր այն:

Իսկ ահա Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը (անձնագրային անունը՝ Էլբեկ Քարամյան) Armdaily.am լրատվականի հետ զրույցում նշել էր, որ իրականության հետ ոչ մի աղերս չունի, Արգիշտին իր որդին չէ։ Երբ լրատվականը Սրբազանին հարցրել է իր քաղաքացիական անունը, նա վրդովվել է․ «Չհասկացա, հիմա դուք հեռախոսով ի՞նչ եք ինձ ուզում ասել։ Ես ասում եմ, որ իմ ազգանունը Քարամյան է, և Արգիշտին իմ ազգականն է։ Եթե դուք ինձ չպիտի հավատաք, ապա ինչո՞ւ եք զանգահարել։ Սրանով ավարտում եմ, քանի որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի»։ Հարցին, թե ինչ ազգական է Արգիշտին իրեն, Սրբազանը պատասխանեց. «Իմ հորեղբոր թոռն է Արգիշտին։ Աստծո օրհնությունը Ձեզ, Մնաք բարյավ»։

Եվ թեպետ համացանցի բաց աղբյուրները, այդ թվում նաև՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տվյալներն այլ իրականության մասին էին խոսում, թեման, ինչպես բոլոր թեմաները, մոռացության տրվեց:

Ամիսներ անց, երբ Արգիշտի Քարամյանը նշանակվեց արդեն ՊՎԾ պետ, «Հրապարակը» Արգիշտի Քարամյանի ֆինանսական ու գույքային միջոցների բավականին ընդարձակ ցանկ հրապարակեց՝ փորձելով տալ նաև դրանց ծագման աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ:

Եվ կրկին հետքերը տանում էին դեպի Կոտայքի թեմի առաջնորդ-Արգիշտի Քարամյան մերձավոր ընտանեկան կապերի տիրույթ:

Այսօր առավոտյան արդեն hraparak.am-ը հրապարակեց իր ստացած գրավոր ապացույցն այն մասին, որ Քննչական կոմիտեի նախագահը Կոտայքի թեմի առաջնորդի որդին է:

Նույն նամակը և քաղվածքը նաև 168.am-ն է ստացել էլեկտրոնային փոստով:

Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանին  համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքը՝ քաղվածքը, փաստում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը հանդիսանում է Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանի որդին։

Ըստ այդ քաղվածքի բովանդակության՝

Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ծնվել է 1963թ. հուլիսի 20-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում, աշխահիկ անունը Քարամյան Էլբեկ Երեմի։

Ընտանիքի կազմը՝

Քարամյան Լիանա Ռուբենի 1963 թ․

Քարամյան Արգիշտի Էլբեկի 1991 թ․

Քարամյան Ռուզան Էլբեկի 1992 թ․

Ի դեպ, Արգիշտի Քարամյանը խորը հավատացյալ մարդ է: Նրան հաճախ կարելի է կիրակի օրերը տեսնել եկեղեցում ՝ ինքնամոռաց աղոթելիս, ողջ պատարագն անգիր ասելիս:

Տեսանյութեր

Լրահոս