ՀՀԿ-ն քիթը «կախ չէր» տոնելու իր հաղթանակը

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը համոզված է,  որ այս ընտրություններին  ՀՀԿ-ի հաղթանակը կախված չէ որևէ քաղաքական ուժի կամ գործչի չառաջադրվելու փաստով: Նրա խոսքերով,  անկախ այս կամ այն թեկնածուի առաջադրվելուց, ՀՀԿ-ն քիթը «կախ չէր» տոնելու իր հաղթանակը:

168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն ի տարբերություն նախորդ ընտրությունների ավելի հանգիստ չէ և այդ պատճառով է իրեն թույլ տալիս գովել մրցակիցներին, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, թե մրցակիցներին գնահատելը  ևս քաղաքական մշակույթի մաս է կազմում:  Նրա խոսքերով, եղած թեկնածուների մեջ քաղաքական ճանապարհ են անցել Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը, ինչը մյուսների մասին ասել չի կարող: Իսկ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ըստ Հովհաննես Սահակյանի, բացի նախագահի թեկնածու լինելուց բացի  այլ պաշտոն չի ունեցել:

«Եթե նույնիսկ  ՀՀԿ-ն հիմա ավելի հանգիստ է, ապա հանգիստ է  իր կատարած աշխատանքի արդյունքում: Այս հինգ տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքում եկել է մի իրավիճակ, երբ մենք  ռեալ մրցակից չունենք: Եվ այդ ռեալ մրցակից չունենալու փաստը չպետք է օգտագործել ընդդեմ ՀՀԿ-ի, այլ պետք  է օգտագործել  այն ընդդիմադիր քաղաքական ուժերի հանդեպ,  ովքեր պարապ են  մնացել և իրական գործով չեն զբաղվել: Եվ ընդդիմադիր թեկնածուների միակ անելիքն այս նախընտրական շրջանում այն է , որ այս կամ այն թեկնածուին մեղադրեն իշխանության հետ գործարքի մեջ»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի հաղթանակը պայմանավորված է ժողովրդից ստացած քվեներով և ոչ թե ընտրապայքարում եղած թեկնածուներով: «Մեր հաղթանակը տոնելու ենք արժանապատիվ, որովհետև կատարել ենք աշխատանք և ստացել ենք գնահատական: Չեմ կարծում՝ որևիցե մի թեկնածուի առաջադրվելու պարագայում մենք ունենալու էինք դժվարություններ կամ մեր հաղթանակը տոնելու էինք քիթներս կախ»,-ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն արդեն նախապատրաստվել է ակտիվ քարոզարշավի: Նա տեղեկացրեց, որ կարգախոսը, քարոզչանյութերը և  նախընտրական հոլովակները պատրաստ են:

Տեսանյութեր

Լրահոս