Ո՞ւմ վրա եք հոխորտում. պարտավոր եք մեր հարցերին պատասխանել. Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը
«Բարեհամբույր հռչակված անձին պինդ և ամուր նարդեր եմ մաղթում, որովհետև ցավոք, մեր երկրի համար այսքան դժվար փուլում նա է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասով»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը
Պատգամավորը շեշտեց, որ հայ-թուրքական հարաբերություններում կան կետեր, որոնց վերաբերյալ իշխանությունները պարտավոր են պարզաբանումներ ներկայացնել։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը բանակցություններին գնալիս ի՞նչ պատկերացումներ ունի։
«Ի՞նչ տեսլական ունի, արդյո՞ք հաշվարկել է ռիսկերը և հնարավոր կառավարման ի՞նչ մեխանիզմներ է մտածել։ Այն պատգամավորներին, որոնք ասում են՝ գիտեք, գաղտնի որևէ բան մինչև այսօր տեղի չի ունեցել, ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, գոնե մեկն ասեմ։ Վաղարշակ Հարությունյանը, ով գաղտնի ստորագրել է փաստաթուղթը, և մինչև վերջերս նույնիսկ պետական կառավարման ամենաբարձր օղակներում գտնվող անձինք չէին հաստատում այդ փաստաթղթի գոյությունը, հետևաբար՝ ձեր գաղտնի բանակցությունների մասին մենք լավ տեղյակ ենք, ինչպես նաև տեղյակ ենք, թե արցախյան բանակցություններում ինչպես էիք ասում՝ մենք որևէ բան չենք բանակցում, հետո այդ բանաձևը ձևափոխվեց ու դարձավ՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք, բայց հիմա պետք է պատասխանեք հետևյալ հարցերին։
Երբ ասում էիք՝ առանց նախապայմանների ենք բանակցում, բանակցություններից 1 կամ 2 օր առաջ թուրքական կողմն ասում է, որ շատ կարևոր է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն։ Արդյո՞ք այս հանդիպման ընթացքում Թուրքիայի ներկայացուցչի հետ խոսել եք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արդյոք քննարկվե՞լ է Ցեղասպանության հարցը, և արդյո՞ք սա որպես հիմք է դրվել հետագա բանակությունների, այսպես ասած, ավելի կառուցողական լինելու համար։ Քննարկվե՞լ են արդյոք տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացը և դրա համատեքստում նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սրանք բոլորը հարցեր են, որ դուք պարտավո՛ր եք պատասխանել և բուն պատասխանները հնչեցնելու փոխարեն՝ այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա եք հոխորտում, եկեք ու այս հարցերին կոնկրետ պատասխաններ հնչեցրեք»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում