Ո՞վ կփոխարինի Գագիկ Ծառուկյանին՝ օլիմպոսում
168.am-ի տեղեկություններով՝ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն նոր փորձությունների կենթարկվի, և առաջինը կլինի այն, որ այդ կուսակցությունը կզրկվի իր ունեցած միակ նախարարական պորտֆելից. Հրաչյա Ռոստոմյանը նոր կառավարության կազմում չի զբաղեցնի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է հրաժեշտ տալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին:
2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն չմտավ իշխող կոալիցիա, որի արդյունքում՝ ԲՀԿ-ական չորս նախարարները, մարզպետները և նրանց տեղակալները հրաժեշտ տվեցին պաշտոններին: Նոր կառավարության ձևավորման ժամանակ, որպես բարի կամքի դրսևորում, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը թողնվեց ԲՀԿ-ին, այդ պաշտոնում նշանակվեց ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, ով մինչև նախարար նշանակվելը ԲՀԿ անդամ էր և ԲՀԿ-ից դուրս եկավ միայն այն պատճառով, որ չստացվի, թե ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ականը նախարարի պաշտոն զբաղեցնել, եթե ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ չէ:
Սպորտը համարվում է ԲՀԿ մենաշնորհը, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրել են ԲՀԿ-ականները, իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը համատեղության կարգով՝ նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն է: Բայց 2012-ին Ծառուկյանը ձախողվեց ոչ միայն քաղաքականության մեջ, այլ նաև օլիմպիադայում: Չնայած նա չի ընդունում այդ ձախողումը, և 2012թ. տարեվերջին կազմակերպված տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ պարզվեց, որ լավագույնը օլիմպիադային մասնակցած մարզիկներն են, որոնցից մի մասի նույնիսկ անունը հասարակության հիշողության մեջ չի տպավորվել: Բայց օլիպիադայում հայ մարզիկների ձախողումները կներվեին, եթե Ծառուկյանը չձախողվեր քաղաքականության մեջ և չսպասելով հաջորդ դասին՝ հայտարարեր, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հենց այդ ձախողման հետևանքով, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է, որ փոխվի ոչ միայն Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, այլ նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը: Սա կլինի բացահայտ ազդանշան, որ Գագիկ Ծառուկյանի դարաշրջանն ավարտվել է: Դրանից հետո ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը և ընդհանրապես կուսակցությունը մասնատելը կդառնա տեխնիկայի հարց: Այլևս պարտադիր չի լինի բոլոր ԲՀԿ-ականներին կանչել և զգուշացնել, որ ԲՀԿ-ում լինելը վտանգավոր է կարիերայի և ապագայի համար. նրանք իրենց սեփական դիմումի համաձայն՝ կներկայանան ուր որ հարկն է, եթե մինչ այդ արդեն ներկայացած չլինեն:
Խոսվում է նաև, որ Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել օլիմպիական չեմպիոն, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանը: Չնայած չի բացառվում, որ նա կարող է զբաղեցնել ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը: Յուրի Վարդանյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները բավական լարված են: Օլիմպիական խաղերից հետո Յուրի Վարդանյանը՝ որպես ոլորտի գիտակ, քննադատության ենթարկեց այս բնագավառում ՀԱՕԿ-ի գործունեությունը, որը բավական վատ ընդունվեց ԲՀԿ-ականների կողմից, որից հետո Ծառուկյանի վերահսկողության տակ գտնվող մամուլը տևական ժամանակ փորձում էր վարկաբեկել Վարդանյանին: Նախագահական ընտրություններից հետո, հնարավոր է, որ Վարդանյանին հնարավորություն տրվի գործով ապացուցել, թե ինչի է ինքն ընդունակ:
Ի դեպ, դեռևս պարզ չէ, թե արդյոք մինչև ե՞րբ Գագիկ Ծառուկյանը կշարունակի զբաղեցնել Անվտանգության խորհրդի անդամի պաշտոնը: Դրան կանդրադառնանք առաջիկայում: