Ովքեր ասում են՝ ԲՀԿ-ն բարեգործական կազմակերպություն է՝ գլուխները պատին են տալիս. Վարդան Բոստանջյան
ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, չնայած շատերի կանխատեսմամբ փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է, բայց մրցակցություն թեկնածուների միջև, այնուամենայնիվ, տեղի կունենա: Իսկ ընտրական պրոցեսը, նրա գնահատմամբ, կլինի առանց լարումների, հանդարտ ու խաղաղ:
«Ըստ էության, լարվածություն չեմ ուզում նկատել, որոշակի նաև մրցակցություն եմ նկատում, ոչ շատ մեծ, պայմանավորված, այսպես կոչված, պայքարին մասնակցող թեկնածուների առումով: Գոնե Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին գործող նախագահին ինչ-որ չափով մրցակից տեսնում եմ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Վարդան Բոստանջյանը:
Նա չի մեկնաբանել փետրվարյան ընտրությունների մասով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կայացրած որոշումը: Ճիշտ է, ունի իր անձնական կարծիքը, բայց այն հրապարակելուց զերծ է մնում: Ու քանի որ ՀՀԿ-ական որոշ գործիչների կարծիքով ԲՀԿ-ն այժմ հասարակության շրջանում ասոցացվում է ավելի շատ որպես բարեգործական կազմակերպություն, և ոչ թե քաղաքական ուժ, կայքի թղթակիցը Վարդան Բոստանջյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի նա այդ գնահատականների վերաբերյալ:
«Ով որ ասում է, կարծում եմ` գլուխները պատին են տալիս: Աղքատի նման մի կուլյոկ սեմուշկի համար ծախում են իրանց, թող իրանց մասին մտածեն, Գագիկ Ծառուկյանի բարեգործության մասին չմտածեն, որ դեմքերին նայում ես` ողորմելի, մեղք ու կրակ, մի բանկա ձեթի համար իրանց վաճառողներն ասում են` ԲՀԿ-ն բարեգործական ընկերություն է, էդքան հզոր է դառել էս զանգվածը, որ կարողանում է լավ կողմնորոշվի՞` ով է քաղաքական ուժ, ով է բարեգործական ընկերություն»,-ասել է Վարդան Բոստանջյանը:
Իսկ կուսակցության ներսում իր պասիվ գործունեությունը նա բացատրում է հետևյալ կերպ. երբ որ ես նկատում եմ, որ տվյալ պարագայում իմ նման մարդիկ ցանկալի չեն, ես ձգվում եմ հետին պլան, ինքս իմ նախաձեռնությամբ, առանց որևէ մեկի հայտարարության: Դուք երբևէ տեսե՞լ եք՝ ես պագոն փոխեմ: Կան, չէ՞, մարդիկ, որ դողդողում են, ընկնում են, իբր թե բարձրանում են, իրականում Բոստանջյան Վարդանը մնում է Բոստանջյան Վարդան»,- հավելել է նախկին հանրապետական, այժմ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը: