Մազը բիզնեսմեն է դեռ 90-ականներից. մամուլ
«ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը երեկ պատասխան է ուղարկել «ժամանակում» տպագրված՝ «Բիզնեսմեն Մազը» լուրին՝ փաստացի հաստատելով տեղեկությունը, որ ինքը «Ալ Իտալիա» միջազգային ավիաընկերության հետ աշխատող «Ֆեստա տուր ավիայի» համասեփականատերն է։
«Մասնավոր բիզնեսով ստիպված զբաղվել եմ դեռ 1990-ական թվականներից, որի միջոցով ստեղծել և պահել եմ «Գոյ» փորձարարական թատրոնը, ավելին՝ «Ֆեստա տուր ավիա» ընկերության համասեփականատեր եղել եմ ավելի վաղ, քան ստանձնել եմ ռեկտորի պաշտոնը»,– իր պատասխանում գրում է Մազմանյանը։
Նրա խոսքերով, «Ֆեստա տուր ավիա» ընկերությունը չվերթներ է իրականացնում արդեն 4 տարի։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին պարբերաբար սատարելուն, ապա Մազմանյանը հայտարարում է. «Ներկայիս նախագահի հանդեպ համակրանք տածում եմ կրկին 1990-ականներից սկսած, երբ վերջինս ստեղծում և ղեկավարում էր բանակը»։ Փաստորեն, բավական ժամանակ նա թաքուն է պահել իր զգացմունքները»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։